Թբիլիսիի Ռուսթավելի գլխավոր պողոտայում երեկվա ցույցերից հետո երթևեկությունը վերականգնվել է, հաղորդում է ria.ru-ն։

Պողոտայի տարածքը քաղաքապետարանի աշխատակիցների կողմից կարգի է բերվել։

Երեկվա ցույցերից հետո Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց դեռևս մի քանի ցուցարարներ կան, սակայն իրավիճակը հանգիստ է։

«ՆԳ նախարարի հրաժարականի և ձերբակալված ցուցարարների ազատ արձակման պահանջով ակցիան կշարունակվի այսօր երեկոյան»,- գործակալության հետ զրույցում ասել է ակցիայի մասնակիցներից մեկը:

Հիշեցնենք, որ Վրաստանում հինգշաբթի և ուրբաթ բողոքի ցույցեր են ընթացել. ընդդիմադիրները պահանջում են ՆԳ նախարարի հրաժարականը, ինչպես նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակում: Զանգվածային ցույցերը մեկնարկել էին Վրաստանի խորհրդարանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական նիստում ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի՝ խորհրդարանի խոսնակի աթոռը զբաղեցնելուց և այդտեղից ելույթ ունենալուց հետո:

Ավելի ուշ երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրում կազմակերպված ցույցերի համար մեղադրել էր Ռուսաստանին, ինչին ի պատասխան՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը վրաց նախագահի հայտարարությունը ոչ պրոֆեսիոնալ էր անվանել՝ նշելով, որ Ռուսաստանի վրա մեղք բարդելու փորձերը խեղաթյուրում են իրավիճակը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, այս իրադարձությունների ֆոնին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ուրբաթ հրամանագիր է ստորագրել, որը ռուսական ավիաընկերություններին արգելում է հուլիսի 8-ից սկսած ՌԴ քաղաքացիներին փոխադրել Վրաստանի տարածք: Այս մասին ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հրամանագիրն ստորագրվել է Ռուսաստանի և նրա քաղաքացիների անվտանգության նկատառումներով և գործելու է ժամանակավոր:

Սույն հրամանագրով տուրօպերատորներին խորհուրդ է տրվում արգելքի գործողության ժամանակահատվածում ուղեգրեր չվաճառել դեպի Վրաստան։ Այն նաև կառավարությանը կարգադրում է Վրաստանում գտնվող ՌԴ քաղաքացիներն օգնել, որպեսզի վերադառնան Ռուսաստան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել