Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդես:

Փարիզի Լը Բուրժե օդանավակայանի տարածքում երկու տարին մեկ կազմակերպվող հանրահայտ միջազգային ավիասալոնն ավիատիեզերական ոլորտի աշխարհի խոշորագույն ցուցադրությունն է թե՛ տարածքով, թե՛ մասնակիցների թվով:


Նախագահ Սարգսյանը շրջել է տաղավարներում, ծանոթացել ոլորտի համաշխարհային առաջատար ընկերությունների ներկայացրած նմուշներին և դրանց տեխնիկական հնարավորություններին, դիտել ավիաշոուն: 

Լը Բուրժեում ցուցադրվում են վերջին սերնդի ռազմական ու քաղաքացիական օդանավեր, ինչպես նաև ներկայացվում են ավիատիեզերական ոլորտի ժամանակակից նվաճումներն ու նորարարությունները,աերոտիեզերական տեխնոլոգիաները:

Ավիասալոնի այցելուների շարքում են ինչպես ավիատիեզերական սարքավորումների արտադրության ոլորտում մասնագիտացած համաշխարհային առաջատար ընկերություններ, այնպես էլ տարբեր երկրների պատվիրակություններ:

2017 թվականին կայացած նախորդ ցուցադրությունն ունեցել է 322 հազար այցելու, 98 երկրից ներկա է եղել 290 պատվիրակություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել