168.am-ը գրում է.

Այսօր կառավարության նիստի սկզբում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձավ մամուլում շրջանառվող տեղեկությանը, թե ապրիլյան պատերազմի մասնակիցների և հերթապահություն իրականացրածների ուսման վարձի 20%-ի զեղչը նախարարությունը չեղարկել է:

Ըստ նրա՝ այս գործընթացը տեղի է ունեցել մարտին, երբ հավաքագրվել են բոլոր դիմումները:

«Փոխանցումները կատարված են, այսինքն՝ եթե մենք շատ էլ ցանկանայինք, չէինք կարող այն չեղարկել»,- ասաց Ա.Հարությունյանը:

Նա նշեց, որ ըստ հրապարակումներից, բուհերում քաոս է, իբր համատարած թույլ չեն տալիս, որ ապրիլյան պատերազմի մասնակիցներն ու հերթապահություն իրականացրածները մասնակցեն քննությունների:

«Մարդիկ կան, ուզում են երկրում քաոսային վիճակ ստեղծել, չեն կարողանում, որոշում են, որ սոցիալական ցանցում, մամուլում գրում են, որ քաոսային, լարված իրավիճակ է, ներքաղաքական անկայունություն, պայթյունային իրավիճակ: Դա նույն շղթայի տարբեր օղակներն են: Ոնց կարող է ընդհանրապես նման բան լինել»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ դա նույն թեզն է, ինչ հողերը ծախեցին, տվեցին:

Ըստ նրա՝ դա նույն մարդիկ են և իսկապես ազգային անվտանգության խնդիր է:

«Այդ մարդիկ հիբրիդային պատերազմ են վարում ՀՀ-ի դեմ և այդ մարդկանց անուն ազգանունները շատ կոնկրետ հայտնի է: Այսինքն՝ լավ, հասկացանք՝ մեկ, երկու, երեք, չորս:

Այսինքն՝ էդ գող ավազակները պետք է էս երկրում իրենց լավ զգա՞ն: Դրանք պետք ա մայթերի տակով մասկիրովկայով քայլեն: Դրանք ո՞վ են ընդհանրապես: Սա ազգային անվտանգության խնդիր ա, լրջորեն զբաղվեք այս հարցերով»,- հայտարարեց Ն.Փաշինյանը:

Ա.Հարությունյանը տեղեկացրեց, որ գիշերը երկու բուհերի ռեկտորների հետ է կապվել, որոնց անունները նշված է եղել տեղեկատվության մեջ, և նրանք հերքել են դա:

Ավելին, ըստ նրա, այս ընթացքում երկրորդ փուլ են իրականացրել ապրիլյան պատերազմի մասնակիցների համար, որոնք չէին հասցրել դիմել և նրանք ստացել են իրենց զեղչերը:

Նախարարը չբացառեց, որ կարող է 1-2 դեպք լինել, որ չեն դիմել, բայց կարող են այժմ էլ դիմել նախարարություն և ստանալ զեղչը. «Նախարարությունը զբաղվում է այս հարցով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել