Մայիսի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի 95-ամյակին նվիրված «Քեզ համար, Հայաստան» խորագիրը կրող համերգը: Դեռ ամիսներ առաջ կազմակերպիչները ներկայացրել էին Ֆրանսիայից Հայաստան ժամանող երգիչների անունները, ովքեր պետք է կատարեին շանսոնյեի երգերը՝ Հելեն Սեգարա, Պատրիկ Ֆիորի, Լեա Կաստել, Սիլման, Րաֆֆի Արտոն: Բեմում էր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ: Երեկոն վարում էին Արման Մարգարյանը և Աննա Գրիգորյանը, իսկ գեղարվեստական ղեկավարն էր Լուսինե Մարտիրոսյանը: BlogNews.am-ը ներկայացնում է երեկոյի հետաքրքիր դրվագները:  

Համերգային ծրագիրը բացեց Հելեն Սեգարան Կամո Սեյրանյանի նվագակցությամբ: Ելույթների ընթացքում մեջբերում էին Շառլ Ազնավուրի խոսքերը: Բոլոր արտիստները երկուական երգ կատարեցին՝ իրենց հեղինակայիններից և Շառլ Ազնավուրի հայտնի երգերից:

Ուշագրավ էր Պատրիկ Ֆիորիի կատարմամբ Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմի սաունդթրեքը: Հանդիսատեսի համար սա կարծես փոքրիկ հիշողություն լիներ, շատերին էլ ստիպեց հուզվել: Երեկոյի անակնկալներից մեկն էլ Ամալյա Մարգարյանի կատարումն էր՝ Շառլ Ազնավուրի խոսքերով և երգահան Մարինե Գյուլումյանի երաժշտությամբ գրված «Կլեոպատրա» երգը: Ի դեպ, նախատեսվում է այս համերգային ծրագրով այլ երկրներում ևս հանդես գալ: 

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել