Ամեն անգամ, երբ  լրագրողները Սնուփ Դոգի հարցով ինձ դիմում են, փոխանցել եմ այն տեղեկատվությունը, ինչ որ այդ պահին մենք ունեցել ենք կազմակերպող ընկերության կողմից: Այս մասին այսօր՝ հունվարի 8-ին, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կազմակերպված 2024 թվականն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով ռեփերի՝ Հայաստանում կայանալիք համերգին և դրա համար վճարված գումարին:

«Գիտեմ, որ նրանք ամբողջ տարին բանակցել են, որպեսզի համերգը տեղի ունենա, և տարբեր ժամանակաշրջաններում ունեցել են որոշակի նախնական պայմանավորվածություններ, որոնք ինչ-ինչ պատճառներով տեղի չեն ունեցել։ Եվ սա նշանակում է, որ պետք է գործեն պայմանագրի դրույթները: Քանի որ համերգը չի կայացել, ապա մենք արդեն իսկ գրությամբ դիմել ենք կազմակերպությանը, որպեսզի ամբողջ գումարը վերադարձվի պետական բյուջե, ինչպես և նախատեսված էր»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:

Հիշեցնենք, որ 2023թ-ի սեպտեմբերին Երևանում նախատեսված համերգը հետաձգվեց Ադրբեջանի՝ Արցախի նկատմամբ հարձակումից հետո: Համերգի կազմակերպման համար որպես դրամաշնորհ նախարարությունը հատկացրել էր 6 միլիոն դոլար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել