Վարչապետ Բենյամին Նեթանյահուին չի հաջողվում պայմանավորվել կոալիցիոն գործընկերների հետ նոր կառավարության ձևավորման հարցում, որի վերջնաժամկետը, համաձայն օրենսդրության, լրանում է հաջորդ շաբաթվա սկզբին:
Անհամաձայնության գլխավոր պատճառը «Զորակոչի մասին» օրենքում նախատեսված փոփոխություններն են, որոնց համաձայն՝ պարտադիր զինծառայություն է սահմանվում նաև ուղղափառ հրեաների համար. ի դեպ, հենց այս խնդիրն էր հանգեցրել նախորդ կառավարության հրաժարականին: Գործընթացի տապալման հիմնական մեղավորը դարձյալ պաշտոնաթող ՊՆ Ավիգդոր Լիբերմանն է, ում չեն բավարարում անգամ նախկին պաշտոնին վերադառնալու մասին Նեթանյահուի խոստումները: Իսկ առանց Լիբերմանի հնարավոր չէ ձևավորել կառավարություն անհրաժեշտ «60+1» քվեների քանակով:
Այսուհանդերձ, եթե Նեթանյահուին չհաջողվի ձևավորել նոր կառավարություն, նախագահը պետք է նման հնարավորություն ընձեռի Քնեսեթի մեկ այլ պատգամավորի՝ ամենայն հավանականությամբ, ընդդիմության առաջնորդ Բենի Գանցին: Մինչդեռ նրա հնարավորությունները ևս սահմանափակ են, և մեծ է հավանականությունը նոր ընտրությունների անցկացման՝ գործընթացի հնարավոր ներիսրայելական և տարածաշրջանային հետևանքներով: