Tete-A-Tete. այսպես է կոչվում հաղորդավար Մհեր Բաղդասարյանի նոր, օնլայն տիրույթում գործող հաղորդումը, որի պրոդյուսերն Արա Կազարյանն է: Tete-A-Tete-ը սկանդալային, իրական, աղմկահարույց հարցազրույցների շարք է արտիստների հետ, ովքեր շարունակում են մնալ ամենաքննարկվողը: Առաջին հաղորդման անոնսն արդեն համացանցում կա, իսկ հյուրը դերասանուհի Անժելա Սարգսյանն է, ով հայտնի սկանդալային իրադարձություններից հետո արդեն մի քանի տարի է, ինչ բնակվում է ԱՄՆ-ում: BlogNews.am-ի հետ զրույցում Մհեր Բաղդասարյանը և Արա Կազարյանը պատմել են նման հաղորդում ստեղծելու գաղափարի և այն մասին, թե ովքեր չեն կարող լինել հաղորդման հյուրը:
«Նման նախագիծ անելու գաղափարը մեզ երկուսին տվել է իմ լավ ընկեր Արթուր Ջանիբեկյանը: Նա մեր իրականության ամենահզոր պրոդյուսերն է, ով ունի հեռուստատեսային բացառիկ ճաշակ և զգում է օրվա շունչը: Մի օր՝ մեր կորպորատիվ ընթրիքներից մեկի ժամանակ, ասաց գաղափարի մասին և պարզապես ուղիղ հարց տվեց, թե ինչու չենք անում նախագիծ Youtube-ի համար: Դա ուղիղ մեկ տարի առաջ էր, իսկ ես և Մհերը իրականացրինք, երբ հասկացանք, որ արդեն պատրաստ ենք այս նախագիծն անելու համար»,- պատմում է պրոդյուսեր Արա Կազարյանը։
Հաղորդումը սկանդալային, իրարամերժ թեմաների և հայտնի մարդկանց մասին է: Ձևաչափը հարցազրույց-ռեալիթի ֆորմատում է. «Ես տալիս եմ հարցեր, որոնք սովորաբար խուսափում են հարցնել, և մարդիկ էլ խուսափում են դրանց պատասխանելուց: Հաղորդումն առաջնակարգ, ամենաքննարկված արտիստների հետ է լինելու, և, բնականաբար, ակնկալվում են վիրուսային տարածում ու միլիոնավոր դիտումներ: Սա յութուբյան առաջին շոուներից մեկն է հայկական ինտերնետ տիրույթում, որը բացառապես համացանցի համար է, թեև պետք է նշել, որ ATV հեռուստաալիքը ևս հետաքրքրված է հաղորդման ցուցադրությամբ: ATV-ն ինձ համար առանձնահատուկ հեռուստաալիք է, քանի որ այնտեղ եմ սկսել իմ հեռուստատեսային կարիերան, և նախագծի հեռուստատեսային տարբերակը բացառապես հենց այն հեռուստալիքի համար է: Ես և Արան, բնականաբար, կապված ենք ATV հեռուստաալիքի հետ, բացի այդ՝ Արայի «Բաց Արա» նախագիծը ևս ATV-ի եթերում է»,- նշում է Մհերը:
Այն հարցին՝ իսկ ովքեր չեն կարող լինել հաղորդման հյուրը, Արան մանրամասնում է. «Մարդիկ, ովքեր հետաքրքիր չեն հանրությանը, ովքեր միշտ փորձում են լավը, դրական երևալ, փորձում են դիվանագիտական պատասխաններ տալ, կամ հանրությունն էլ հասկանալի պատճառով հետաքրքրված չէ նրանցով: Մենք պատրաստել ենք մի հաղորդում մոռացված մի խմբի մասին, պատմելու ենք, թե ինչով են հիմա նրանք զբաղված։ Դա մեր ամենահետաքրքիր թողարկումներից մեկն է լինելու: Արդեն նկարահանել ենք երեք-չորս թողարկում։ Կա մեկը, որը նկարահանել ենք, բայց որոշել ենք չցուցադրել: Նա ամենաքննարկվող աստղերից մեկն էր, ակնկալում էինք, որ պետք է լավ ստացվի, բայց հակառակը ստացվեց»:
Արան և Մհերը նշում են, որ հաղորդումը հետաքրքիր դրվագ ունի, որը դեռևս ոչ մի տեղ չի օգտագործվել. հայտնի մարդիկ օնլայն մեկնաբանելու են հաղորդման ընթացքում: Այն հարցին՝ բա՞րդ է արդյոք հյուրին հասցնել այն վիճակին, որ անկեղծանա, Մհերը պատասխանում է. «Իսկապես բարդ է, հատկապես երբ ձևավորվում են կոլեգիալ, մտերիմ հարաբերություններ, բայց մարդկանց պետք է բացատրել, թե ինչու պետք է լինել անկեղծ: Ինձ թվում է՝ այն հանգամանքը, որ այլևս որևէ մեկը նախկինի պես հետաքրքրված չէ հայկական շոու-բիզնեսի արտադրանքով երաժշտական առումով, գալիս է նաև նրանից, որ այդ աստղերը հետաքրքիր չեն որպես հանրային մարդ, այսինքն՝ պետք է հայտնի մարդկանց այն գիտակցության հասցնել, որ քանի դեռ ուշ չէ, փորձեն իրենցից թոթափել այդ փոշին, դառնալ քննարկվող և սկանդալային»:
Հաղորդման առաջին հյուրն Անժելա Սարգսյանն է: Մհերը պատմում է, որ նրա հետ հարցազրույց անելու համար մի քանի հանդիպում են ունեցել. «Չենք համոզել, չենք խաբել, այլ պարզապես հասկացել ենք, որ հետաքրքիր հաղորդում կարող է ստացվել: Անժելան ուներ ասելիք, և այդ հնարավորությունը նրան նախկինում տրված չէր, ու նա էլ ցանկություն չուներ խոսելու հանրության հետ»:
Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի