Բաղադրիչներ
- Շերտերի համար՝
- ալյուր - 500 գ
- շաքարավազ - 175 գ
- կարագ - 300 գ
- ձու - 2 հատ
- փխրեցուցիչ - 1 թ/գ
- Շարլոտտ կրեմի համար՝
- կարագ - 300 գ
- շաքարավազ - 200 գ
- կաթ - 150 գ
- ձվի դեղնուց - 2 հատ
- կոնյակ - 1 ճ/գ
- վանիլին - 1 թ/գ
- կակաո - 12 գ
- Ջնարակի համար՝
- սերուցք՝ մինչև 20% յուղայնությամբ - 50 մլ
- շոկոլադ սև - 150 գ
Պատրաստման եղանակը
Պատրաստում ենք շերտերը: Հագցնում ենք հարիչի հարթ գլխադիրը, ցածր արագությամբ հարում կարագն ու շաքարավազը, համասեռ խառնուրդ ստանալուն պես ավելացնում ձվերն ու հարում այնքան, մինչև ստացվի համասեռ, հարթ զանգված:Ավելացնում ենք փխրեցուցիչի հետ մաղած ալյուրն ու խառնում:
Եթե խմորը տաքացել է, պետք է 10-15 րոպե հովացնել սառնարանում:
Գրտնակելուց առաջ խմորը ձեռքերով մի քիչ հունցում ենք և աղյուսի տեսք տալիս: Բաժանում ենք 4 մասի:
Յուղաթղթի վրա ալյուր ենք ցանում և խմորի ամեն մի կտորը թղթի վրա գրտնակում մոտ 4 մմ հաստությամբ: Գրտնակած խմորից կտրում ենք 20 x20 սմ չափսի քառակուսի, որը թխելուց առաջ 10 րոպե պահում ենք սառցախցիկում:
Թխում ենք 200 աստիճանում 8-10 րոպե՝ մինչև ոսկեգույն դառնալը: Օգտագործելուց առաջ լավ հովացնում ենք: Կողքերից ավելացած խմորները միացնում ենք, գրտնակում և թխում: Հետո հովացնում ենք ու մանր փշրում:
Պատրաստում ենք շարլոտտ կրեմը: Կաթը լցնում ենք կաթսայի մեջ, ավելացնում շաքարավազն ու անընդհատ խառնելով հասցնում եռման:
Դեղնուցներն առանձին թեթևակի հարում ենք, հարելը շարունակելով՝ բարակ շիթով ավելացնում կաթի ու շաքարավազի տաք խառնուրդը: Հետո ստացվածը նորից լցնում ենք կաթսայի մեջ և անընդհատ խառնելով եփում մինչև խտանալը: Հովացնում ենք մինչև սենյակային ջերմաստիճան:
Սենյակային ջերմաստիճանի կարագը ձեռքի հարիչով թեթևակի հարում ենք, մինչև դառնա բաց գույնի զանգված: Հարելը չդադարեցնելով՝ աստիճանաբար ավելացնում ենք կաթնային օշարակը, հետո լցնում ենք կոնյակն ու վանիլինը: Խնամքով լավ խառնում ենք, մինչև ստացվի փքուն կրեմ:
Սպիտակ կրեմից մի քիչ՝ մոտ 4 ճ/գ պահում ենք, մնացածի մեջ կակաո ավելացնում ու հարում: Շոկոլադային կրեմից նույնպես 3-4 ճ/գ մի կողմ ենք դնում:
Պատրաստում ենք ջնարակը: Սերուցքը տաքացնում ենք, ավելացնում մանրացված շոկոլադը և արագ խառնում մինչ շոկոլադի ամբողջովին հալչելը: Պետք է ստանանք շոկոլադե համասեռ զանգված:
Սկսում ենք հավաքել տորթը: Շերտերից մեկին ջնարակ ենք քսում: Դա լինելու է վերին շերտը: 20-30 րոպեով դնում ենք սառնարան, որպեսզի ջնարակը հավաքվի:
Տորթը հավաքելն ավելի հարմար է յուղաթղթի վրա: Դրա համար առաջին շերտը դնում ենք թղթի վրա, վրան հավասարաչափ քսում շոկոլադային կրեմի 1/5-ը:
Կրեմի վրայից կիպ դնում ենք երկրորդ շերտը՝ ափով զգուշությամբ սեղմելով (շերտերը շատ փխրուն են և հեշտութամբ կարող են փշրվել): Նույնը կրկնում ենք բոլոր շերտերի հետ՝ բացի ջնարակապատից:
Ջնարակապատ շերտը սառնարանից հանում ենք և դնում տորթի վրա: Տորթի կողքերին կրեմ ենք քսում ու ծածկում փշրանքներով:
Տորթի երեսը զարդարում ենք մի կողմ դրած կրեմներով:
Դե ինչ, հուսով ենք՝ ամեն անգամ «Լենինգրադյան» տորթ պատրաստելիս դուք կթռչեք ժամանակի ու տարածության միջով ու կհայտնվեք երջանիկ ու անհոգ մանկության մոլորակում, չէ՞ որ այս տորթի համը ձեզ մանկուց է հայտնի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել