Ի պատասխան պարոն Մարուքյանի գրառման՝ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի կողմից տարիներ առաջ ակցիայի ընթացքում Ռուսաստանի Դաշնության դրոշը տրորելու վերաբերյալ.

1. Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այսօր ավելի ուշ մանրամասներ կներկայացնի ակցիայում տեղի ունեցածի վերաբերյալ և այն մասին՝ արդյո՞ք այրվել է դրոշ, թե ոչ, կամ տրորվե՞լ է դրոշ, թե՞ ոչ:

2. Հանրությանը տեղեկացնում եմ, որ պարոն Մարուքյանի կողմից մատնանշվող ակցիան առնչվում է տարիներ առաջ Պերմյակովի կողմից սպանված Ավետիսյանների ընտանիքին և դրան հաջորդող տարատեսակ ակցիաներին, որոնք անցկացվել են թե՛ Գյումրիում, թե՛ Երևանում:

3. Հիշեցնում եմ, որ այդ ողբերգական սպանությանը հաջորդող տարբեր բնույթի ակցիաներին հաղորդակից և մասնակից է եղել ոչ միայն պարոն Գևորգյանը, այլ գրեթե ողջ հայությունը: Եվ այն հոգեվիճակը, որն ունեինք բոլորս, մեզանից յուրաքանչյուրին որևէ կերպ մասնակից է դարձրել առանձին ակցիաների, այդ թվում՝ մոմավառության:

4. Ինձ համար անհասկանալի է, թե ինչու է պարոն Մարուքյանն անդրադառնում այս թեմային հիմա և ինչ նպատակ է հետապնդում: Եթե նպատակը հայ-ռուսական հարաբերություններում անվստահության սերմանումն է, ապա պիտի հիասթափեցնեմ պարոն Մարուքյանին այդ առումով զուր ջանքեր գործադրելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել