ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ամբողջական վավերացման և կիրարկման հարցը դեռևս ձգձգվում է։ Չնայած դրա համաձայնագրի ստորագրման պահից՝ 2017թ. նոյեմբերի 24-ից ավելի 15 ամսից ավելի ժամանակ է անցել, սակայն ԵՄ բոլոր անդամ երկրները չեն հասցրել վավերացնել այն:
Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո թվում էր, թե նոր իշխանությունները մեծ ջանքեր կներդնեն համաձայնագրի արագ վավերացման համար, սակայն իշխանափոխությունից անցել է ուղիղ մեկ տարի, բայց ՀՀ-ԵՄ անդամ երկրների կողմից Հայաստանի հետ համաձայնագրի վավերացման գործընթացը ավարտված չէ:
Համաձայնագրի վավերացման գործընթացի ձգձգումը թերևս պայմանավորված է նրանով, որ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունները երկրում շարունակական անորոշ ներքաղաքական իրադրություն էր, ապա նորընտիր կառավարությունը տևական ժամանակ փորձում էր հստակեցնել արտաքին քաղաքական կուրսը և առաջնահերթությունները, նորընտիր խորհրդարանի անփորձությունը ևս իր նշանակությունն ունեցավ ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման գործընթացի դանդաղեցման հարցում։
Փաստորեն, ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վավերացնելու, ԵՄ-ի հետ հարաբերություններում մեծ առաջընթաց գրանցելու և ԵՄ-ից Հայաստան ներդրումներ ներգրավելու հարցում իշխանափոխությունից հետո մեկ տարի ժամանակը օգտագործվել է ոչ արդյունավետ: Սա պետք է լուրջ դաս լինի Հայաստանի համար, որպեսզի առավել մեծ ջանքեր ներդրվեն այս ուղղությամբ, որոնք հնարավորություն կտան կարճ ժամանակամիջոցում ԵՄ-ի հետ հարաբերություններում բարձր արդյունքեր գրանցելու: