Իրանի նախագահ Հասան Ռուհանին ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարությունը եւ նրա հետ կապված խմբերը ահաբեկչական կազմակերպություններ ճանաչելու մասին օրենք են ստորագրել։ Oրենքն ուղարկվել է հետախուզության, արտաքին գործերի, պաշտպանության եւ զինված ուժերի նախարարություններին, ինչպես նաեւ Ազգային անվտանգության բարձրագույն մարմնին եւ Պլանավորման ու բյուջեի կազմակերպությանը։
Ավելի վաղ ԱՄՆ-ն արտասահմանայան ահաբեկչական կազմակերպություն էր ճանաչել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։
CENTCOM-ի պատասխանատվության գոտին ընդգրկում է Միջին Արևելքը, Արևելյան Աֆրիկան և Միջին Ասիան․ այստեղ առկա ամերիկյան ռազմաբազաները փաստացի դառնում են Իրանի թիվ մեկ թիրախներ:
Փաստորեն, ԱՄՆ-Իրան proxy war-ը Սիրիայում, Լիբանանում, Եմենում, Իրաքում և Աֆղանստանում կարող է վերածվել ամերիկա-իրանական ուղիղ ռազմական բախման Մեծ Մերձավոր Արևելքում:
ԱՄՆ-ն Պահապանների կորպուսն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելով իր համար լեգիտիմ հիմք է ստեղծում այդ ուժերին հարվածելու համար Եմենից մինչև Սիրիա: Իրանն էլ ամերիկյան CENTCOM-ն է թիրախավորելու ողջ Մերձավոր Արևելքում՝ Կարմիր ծովում, Պարսից ծոցում և այլուր, այդ թվում՝ իր աջակիցների՝ Հզբոլահի, հոուսիտների, իրաքյան և աֆղանական շիայական ուժերի միջոցով:
ԱՄՆ-Իրան հակամարտությունը բարձրանում է որակական նոր մակարդակ, ինչը հղի է լուրջ վտանգներով: Թրամփի վարչակազմն ու Իսրայելը Ծոցի արաբական միապետությունների հետ դաշնակցելով ցանկանում են նվազեցնել Թեհրանի ազդեցությունը Մեծ Մերձավոր Արևելքում ու կազմաքանդել այսպես կոչված շիայական առանցքը:
Իրանն իր հերթին հակաքայլեր է ձեռնարկում․ դրանով Մերձավոր Արևելքում մեկնարկում է ԱՄՆ-Իրան մեծ խաղի նոր փուլը, որը կարող է ավարտվել շատ տխուր՝ տարածաշրջանը ներքաշելով նոր ռազմական բախումների մեջ, ինչն էլ կազդի թե՛ նավթի գների վրա, թե՛ միգրացիայի նոր ալիքի տարածաշրջանից: