Նոր ձևավորված, բայց այդպես էլ ոչ մի բանով աչքի չընկած ՔՈ կուսակցությունն այսօր հայտարարություն էր տարածել, որով պահանջում են զրկել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից: Հայտարարությունն իրականում հիմնազուրկ է և իրենից ոչ մի արժեք չի ներկայացնում, քանզի այն փաստարկները, որոնք բերվում են այդտեղ ԲՀԿ առաջնորդին մանդատից զրկելու համար, իրավական տեսանկյունից առոչինչ են:

Այսպես՝ անդրադառնանք մի քանի կետերի: Հայտարարության մեջ նշվում է Գագիկի Ծառուկյանի կողմից «Արարատցեմենտի» խնդրի բարձրաձայնման մասին, նշվում է, իբր Ծառուկյանը խնդիրը բարձրաձայնել է իբրև ձեռնարկատեր: Նախ` Գագիկ Ծառուկյանին անձամբ «Արարատցեմենտի» աշխատակիցներն են դիմել, որ իրենց խնդիրը ներկայացվի ԱԺ ամբիոնից, իսկ Գագիկ Ծառոիկյանը, լինելով պատգամավոր, հենց այդպես էլ վարվել է: Առնվազն տարօրինակ կլիներ, եթե հակառակ կերպ վարվեր և մարդկանց բողոքին ականջալուր չլիներ:

Եվ հետո` ճիշտ է, Ծառուկյանն իր բիզնեսները հանձնել է հավատարմագրային կառավարման և հանդիսանում է սեփականատեր, սակայն նա անձամբ իրավունք ունի վերահսկելու կապիտալը, և այստեղ օրենքի որևէ խախտում կամ շրջանցում չկա:

Այսպիսով` ՔՈ-ի այս հայտարարությունը զուտ ինքնանպատակ է, էժանագին խաղ, ազդեցիկ քաղաքական գործչի անունը շահարկելու հաշվին սեփական փիառը ապահովելու միջոց: Սակայն ամեն ինչ արված էր բավականին ցածր մակարդակում և փնթի կերպով, ինչը հարիր չէ քաղաքական ուժին: Իր այս քայլով ՔՈ-ն ապացուցեց, որ քաղաքական ուժ դառնալու համար դեռ երկար ճանապարհ պետք է անցնի, սակայն եթե նման ձևով շարունակի, դժվար էլ հասունանա այդ պահը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել