«Այն մարդիկ, ովքեր ծանոթ են 3.33-ին, նրանց համար նորություն չէ, նրանք, ովքեր չգիտեն, լրիվ նորություն կլինի, իսկ ովքեր շատ լավ գիտեն, կզարմանան և մի քանի նոր բաներ կլսեն»: Հենց այսպես Ֆելիքս Խաչատրյանը սկսեց ակումբային համերգը, որն այս անգամ կայացավ Bambish-ում:  

Մինչ համերգային ծրագրի սկսվելը Ֆելիքսը պատասխանեց BlogNews.am-ի հարցերին: «Ես հաճախ համերգ չեմ տալիս՝ չորս-հինգ ամիսը մեկ, դրա համար սա երկար դադար չեմ կարող համարել: Համերգային ծրագրի առաջին մասում իմ նախընտրած երգերն են, այն, ինչ ես եմ հավաքել և ոչ ոքի կողքից չեմ լսել, իսկ երկրորդ մասում՝ այն, ինչ մարդիկ արդեն լսել են արդեն»:

Ֆելիքսը նշեց, որ նոր ալբոմ է ձայնագրում, որն անվանել է «Փուչիկ»: Ալբոմից մի քանի երգ համերգի ժամանակ կատարեց: «Իմ անձնական կյանքը իմ երգերի հետ կապ չունի։ Այն, ինչ տեսնում եմ, ինչ կատարվում է շուրջս, եթե հնարավորություն ունեմ իմ երգերով ներկայացնելու, առիթը բաց չեմ թողնում»:

Ի դեպ, պարզվում է՝ մայիսին Երևան է ժամանելու Նարեկը, և նրանք ամառվա ամիսներին համերգային ծրագրեր կունենան ակումբներում․ ««Խաչբառ»» ալբոմն արդեն տասը տարեկան է։ Այս տարի մենք հաճելիորեն մի յոթ-ութ համերգ կունենանք տարբեր տեղերում»:

Այն հարցին՝ արդյոք կա՞ն հեռուստատեսային նոր նախագծեր, որտեղ ներգրավված է լինելու, Ֆելիքսը նշում է. «Չեմ մտածում, որ ինչ-որ հեռուստաալիք վերադառնալը խելամիտ է։ Տասը տարի այնտեղ աշխատելուց հետո կարելի է այլևս չաշխատել: Իհարկե, ինձ համար հեռուստատեսություն վերադառնալն ուրախություն էր, քանի որ կար կարոտի զգացողություն: Ես տխրությամբ եմ ասում, բայց հեռուստատեսությամբ ոչ մի նոր բան չկա, ոչ թե որ չեն կարողանում ինչ-որ բան անել, պարզապես այդ լավ բանը չկա: Երաժշտական առումով այնքանով է հեշտ, որ պետք չէ գրիմ, հատուկ հագուստ, սափրվել․ դու գտնվում ես քո հարմարավետության դաշտում»:

Ֆելիքսի և կնոջ՝ Գոհարի կյանքում անցած տարին հատկանշական եղավ իրենց առաջնեկի ծնունդով: Երգիչն առանձնահատուկ քնքշությամբ է խոսում որդու մասին: Այն հարցին՝ արդյոք ստեղծագործո՞ւմ է բալիկի հետ միասին, Ֆելիքսը պատասխանում է. «Մեկ-մեկ սիրում է լսել ստեղծագործելու ընթացքը, մեկ-մեկ նյարդայնում է: Նրան ուրիշ երաժշտություն է հետաքրքրում: Իմը չի էլ լսել, մի տարեկան էլ դեռ չկա: Իմ երգերը լսի, խեղճ երեխան ինչպիսի՞ն մեծանա: Մի քիչ կմեծանա, բառերը կսկսի տարբերել իրարից, գուցե լսի և հավանի: Ինքը ուրիշ երաժշտություն է սիրում՝ ավելի ռիթմիկ, ավելի ուրախ և գունավոր, բայց ավելի շատ նայում է, քան լսում: Իմ երգերն ավելի քիչ գունավոր են»:

Ֆելիքսը նշում է, որ իրեն բացարձակ չի վախեցրել հայր լինելու պատասխանատվությունը, հակառակը՝ ափսոսում է, որ ավելի շուտ չի զգացել այդ երջանկությունը: «Սպասում եմ՝ որդիս մի քիչ էլ մեծանա, սկսի ավելի շատ բառեր ասել, և այդ ժամանակ մեր ճանապարհորդությունները կսկսվեն: Սա լրիվ ուրիշ զգացողություն է, լրիվ ուրիշ մոլորակ, դու էլ նոր ես սովորում, երբ նման հրաշալի անակնկալ է լինում քո կյանքում: Ես միշտ իմ ընկերների հետ վիճում էի, երբ նրանք հայր էին դառնում, ասում էին՝ պետք է մի տասը տարի առաջ ունեցած լինեի, զարմանում էի, թե ինչու էին այդպես ասում: Ու մի քանի օր առաջ ինձ բռնացրի նույն նախադասությունն ասելիս, որ ես էլ մի տասնհինգ տարի առաջ պետք է հայր դառնայի: Բայց դե, ինչպես ասում են, ուշ լինի, նուշ լինի»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Գրիգոր Հովսեփյանի 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել