Իրանի առաջին փոխնախագահ Էսխագ Ջահանգիրին հայտարարել է, որ Իրանը կառուցելու է ավտոմոբիլային ճանապարհներ և երկաթգծեր, որոնք կկապեն Պարսից ծոցը Սիրիայի ու Միջերկրական տարածաշրջանի հետ: Նա նշել է, որ Շալամչե-Բասրա երկաթգծի շնորհիվ իրենք Պարսից ծոցն Իրաքի միջոցով կապելու են Սիրիայի և Միջերկրական ծովի հետ:
Թեհրանը տասնամյակներ շարունակ` հատկապես Իրաքում Սադդամ Հուսեյնի տապալումից հետո, ակտիվացրել է իր քաղաքականությունը «շիայական առանցք»` Իրան-Իրաք-Սիրիա-Լիբանան ձևավորելու և այն Իսրայելի ու տարածաշրջանային մրցակիցների դեմ` Սաուդյան Արաբիա և այլն, օգտագործելու համար։
Սիրիայում և Լիբանանում Իրանն ունի ռազմական ներկայություն շիայական տարբեր խմբավորումների, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների գնդի տեսքով: Սիրիայի ԳՇ-ում ու ՊՆ-ում ներկա են նաև իրանցի ռազմական խորհրդականներ: Այժմ Իրանը ցանկանում է իր ռազմական ներկայությունը շիայական առանցքում կամ շիայական կիսալուսնի մեջ ամրապնդել նաև տնտեսական և լոգիստիկ լծակներով՝ երկաթգիծ, մայրուղիներ, նավթագազամուղներ և այլն:
Պետք է նշել, որ այդ երկաթգծի կառուցումը հանգեցնելու է Իսրայելի, Սաուդյան Արաբիայի և հակաիրանական ուղղվածությամբ այլ երկրների փորձերին` անընդհատ հարվածի տակ պահել այդ երկաթգիծն ու թույլ չտալ Իրանին ամրապնդվել Լևանտում։
Իսրայելը հասկանում է, որ Իրանը, դուրս գալով Միջերկրական ծով, ավելի է մեծացնելու իր աջակցությունը «շիայական առանցքի» իր դաշնակիցներին` ասադյան Սիրիային ու Հզբոլահին։ Իսրայելի հատուկ ծառայությունները փորձելու են խափանել այդ տրանսպորտային միջանցքի գործունեությունը թե իրենց ուժերով, թե զինելով ու ֆինանսավորելով Իրաքում գործող սուննիական, հակաիրանական տարբեր խմբավորումներին։
Նույն կերպ կարող է վարվել Սաուդյան Արաբիան` շիա-սուննի հակամարտության շրջանակներում զինելով սուննիական խմբերին Իրաքում․ Էր–Ռիյադը մեծ ազդեցություն ունի իրաքյան սունիական տարբեր ցեղախմբերի ու զինյալ խմբերի վրա։
ԱՄՆ-ն էլ Իրանի դեմ իր ռազմավարության և իրանական ազդեցությունը Մերձավոր Արևելքում սահմանափակելու նպատակով իրանական էլիտար ռազմական միավորումը՝ Իսլամական հեղափոխության պահապանների գունդը ներառել է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում: ԱՄՆ-ի նպատակն է այդ կերպ սահմանափակել այդ կազմակերպության գործունեությունը Սիրիայում և Լիբանանի հարավում Հզբոլահին աջակցությունը սահմանափակելու տեսանկյունից: ԱՄՆ-ն այդ կերպ աջակցում է նաև իր ռազմավարական դաշնակից Իսրայելին, ով դեմ է իրանական ազդեցության ամրապնդմանն Սիրիայում ու Լիբանանի հարավում՝ Իսրայելի հյուսիսային սահմանների երկայնքով, ինչպես նաև Գազային հատվածում:
Այսպիսով՝ Իրանի գործողությունները՝ ուժեղացնել իրանական ազդեցությունը Մերձավոր Արևելքում`pax iranica կառուցել Մեծ Մերձավոր Արևելքում` Աֆղանստանից մինչև Մահրիբ, հանգեցնելու է Իրանի մի շարք տարածաշրջանային հակառակորդների` Իսրայել, Ծոցի միապետություններ, Թուրքիա, նրանց համակարգող ԱՄՆ-ի պատասխան քայլերի։