Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Սիրիլ Մյուլլերի գլխավորած պատվիրակությանը:
Նշելով, որ Համաշխարհային բանկը և Հայաստանն ունեն գործընկերության հարուստ պատմություն՝ ՀԲ փոխնախագահ Մյուլլերը հիշել է Արմեն Սարգսյանի հետ իրենց հանդիպումը դեռ 1996 թվականին: Այդ ժամանակ հենց ինքն է Հայաստանի տնտեսության զարգացման ռազմավարական ուղղությունների վերաբերյալ Համաշխարհային բանկի առաջին փաստաթուղթը ներկայացրել Հայաստանի այն ժամանակ վարչապետ Արմեն Սարգսյանին:
Հանրապետության նախագահը կարևորել է Համաշխարհային բանկի հետ Հայաստանի գործընկերությունը տարբեր ոլորտներում և հույս հայտնել, որ ձևավորված համագործակցությունն առաջիկայում ևս կշարունակվի արդյունավետ կերպով:
Զրուցակիցներն անդրադարձել են իրականացվող ընթացիկ ծրագրերին, ինչպես նաև Համաշխարհային բանկի և Հայաստանի առաջիկա չորս տարվա համագործակցության առաջնահերթությունները սահմանող «Երկրի գործընկերության շրջանակ» ռազմավարական փաստաթղթին:
Նրանք համակարծիք են եղել, որ բարձր տեխնոլոգիաների, կրթության, զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտներում կան համագործակցության մեծ ներուժ և համատեղ տարածաշրջանային ծրագրերի իրականացման հնարավորություններ: