Մարտի 23-ին Պակիստանում տեղի կունենան տոնական միջոցառումներ՝ կապված հանրապետության տոնի հետ: Տոնակատարության շրջանակներում նախատեսված է նաև ռազմական շքերթի անցկացում: Շքերթին հյուրի կարգավիճակում ներկա են գտնվելու Ադրբեջանի, Բահրեյնի, Օմանի պաշտպանության նախարարները: Ռազմական շքերթին մասնակցելու են նաև Ադրբեջանի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի, Չինաստանի, Շրի Լանկայի զինվորականները:
Ադրբեջանն ու Պակիստանը մշակում են առևտրա-տնտեսական կապերը մոտակա հինգ տարվա ընթացքում կես միլիարդ դոլարի հասցնելու ծրագիրը, որն ազդելու է արտահանման խթանման ու դիվերսիֆիկացիայի վրա։ Նախատեսվում է, որ պակիստանյան ընկերություններն ավելի լայն թափով կներթափանցեն ադրբեջանական շուկա։
Պակիստանա-ադրբեջանական հարաբերությունները բարձրացվում են որակական նոր մակարդակի վրա՝ համատեղ զորավարժություններ, ձեռնարկություններ, Բաքվի կողմից պակիստանյան զենքերի ու զինատեսակների գնում։ Դա արվում է տնտեսական, առևտրային, էներգետիկ կապերը զարգացնելուն զուգընթաց:
Պակիստանը, միջուկային տերություն հանդիսանալով, բավականին ազդեցիկ ուժ է իսլամական աշխարհում, ու Բաքուն փորձելու է օգտագործել այդ երկրի ինչպես տնտեսական ներուժը՝ ադրբեջանական տնտեսության մեջ ներդրումներ ներգավելու համար նավթադոլարների կրճատման, ոչ նավթային հատվածի զարգացման ու Ադրբեջանն էներգետիկ-տրանսպորտային միջանցի վերածելու տրամաբանության շրջանակներում, այնպես էլ կիրառելու է պակիստանյան ռազմա-տեխնիկական նորարարություններն ու ներուժը սեփական զինված ուժերի ամրապնդման համար:
Չմոռանանք, որ Իսլամաբադը ղարաբաղյան հարցում որդեգրել է վառ ադրբեջանամետ դիրքորոշում, դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել ՀՀ-ի հետ ու միջազգային տարբեր հարթակներում քվեարկում է Բաքվի օգտին:
Տնտեսական համագործակցության առումով Ադրբեջանը ցանկանում է հավասարակշռել իր առևտրա-տնտեսական կապերը Թուրքիայի հետ`սուննի մեկ այլ պետության՝ միջուկային տերություն Պակիստանի հետ խորացնելով կապերը։ Ադրբեջանը կարող է առաջարկել իր նավթագազային հանքավայրերը պակիստանյան ընկերություններին, ինչպես նաև ռազմական արտադրանքի գնորդներից մեկը դառնալ Իսլամաբադի համար` Թուրքիային, ՌԴ-ին, Իսրայելին զուգահեռ։
Պակիստանյան գրեթե 200 միլիոնանոց շուկան էլ կարող է դառնալ ադրբեջանական ցանկացած արտադրանքի համար սպառնման շուկա։ Անգամ փոքր խմբաքանակի ապրանքերի վաճառքը կարող է էականորեն ազդել նավթի գների անկում, ԿԲ-ի պահուստների նվազում ու մանաթի արժեզրկում «տեսած» ադրբեջանական բյուջեի համալրման վրա։
Պակիստանը կարող է ադրբեջանական շուկա դուրս գալ Իրանի տարածքով։ Շուտով կյանքի է կոչվելու Ադրբեջան–Իրան երկաթգիծը, որը միանալու է Իրան–Պակիստան երկաթգծին։ Բացի այդ՝ Պակիստանը կարող է հետաքրքրված լինել նաև տրանսկասպյան միջանցքով` Թուրքմենստանի, Ղազախստանի միջոցով Բաքվի նավահանգստով Կովկաս, սևծովյան շուկաներ ու Թուրքիա դուրս գալու միտումով։