Անցած գարնանը Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններն անվանվեցին հեղափոխություն, սակայն, ինչպես տեսանք, ոչինչ էլ չհեղափոխվեց։ Բայց այժմ ցանկանում եմ անդրադառնալ ներկա իշխանության որդեգրած տնտեսական հեղափոխությանը։
Ի սկզբանե ցանկանում եմ նշել, որ այս ոլորտն ինձ առավել հոգեհարազատ է, քան քաղաքականը, քանի որ գործունեությանս անմիջական տիրույթում է, կցանկանայի թե՛ ներդրումների տեսքով, թե՛, առհասարակ, որևէ այլ ֆորմատով բիզնես գործունեությունս ի նպաստ ծառայեցնել հայոց պետականությանը, բայց ոչ օրվա իշխանությանը, առավել ևս, երբ չեմ տեսնում արդար նպատակներիս ապահովագրված լինելու որևէ երաշխիք։
Այսպիսով՝ օրերս ՀՀ վարչապետ Փաշինյանն ԱԺ ամբիոնից արտաբերեց «մեղավորության կանխավարկած» եզրույթը։ Ի՞նչ է սա նշանակում։ Առաջին հայացքից սա անմեղության կանխավարկածի հակառակ տեսակն է, իսկ իրականում մի յուրատեսակ մահակ է իշխանության ձեռքին վերահսկելու, պատեհ պահին նաև ոչնչացնելու այն անձին, ով իր սրտով չէ։ Եթե այդպես չէ, էլ ո՞րն է իմաստը փոխարինել անմեղության կանխավարկածը մեղավորության կանխավարկածով, եթե երկուսն էլ պետք է ծառայեն արդարադատությանը։ Այսինքն՝ պետությունը, չկարողանալով հիմնավորել անձի մեղավորությունը, ստիպելու է նրան պաշտպանվել իրենից, մինչդեռ պետք է ինքը պաշտպանի իր քաղաքացուն, գործարարին, ստեղծի նպաստավոր պայմաններ՝ աշխատելու համար։
Ցավոք, բայց սա միայն մեկ դրվագն է օրվա իշխանության ձախողումների, նույնիսկ նախագծերի տեսք չեն ստացել դեռ խոստացված իրավական բարեփոխումները տնտեսական ոլորտում, չկա թափանցիկություն, և ավելորդ եմ համարում նույնիսկ խոսել օրեցօր ավելացող ֆոնդերի, հիմնադրամների մասին։ Հարկ է նշել նաև, որ կարծես այսօր տնտեսությունը Հայաստանում հիմնված է կասկածելի նպատակների իրականացման համար տրամադրվող գրանտների ու նմանատիպ այլ ֆինանսական հոսքերի վրա, մինչդեռ տնտեսական համակարգն իր իրական նշանակության իմաստով բացակայում է։
Իշխանությունների վարած ներքին քաղաքականությունից բողոքում են ներդրողները, իսկ արտաքին քաղաքականությունն առհասարակ չի հուսադրում։ Ամենօրյա ռեժիմով ականատես ենք դառնում, թե ինչպես են փչանում մեր հարաբերությունները դաշնակից երկրների ու ավելի լարվում մնացյալ աշխարհի հետ։
Ի վերջո պատերին տալու կամ ասֆալտներին ծեփելու ձևաչափն, անկասկած, զարկ չի տալու Հայաստանում տնտեսական դրական շարժին, ուր մնաց՝ հիմք լինի տնտեսական հեղափոխության։
Սակայն, անկախ օրվա իշխանության ձախողումներից ու իմ կողմից հնչեցված քննադատությունից, կարծում եմ՝ մենք պետք է ուժերի ներածին չափով օգտակար լինենք մեր հայրենիքին, մանավանդ հիմա Արցախի շուրջ ստեղծված բարդագույն իրավիճակի պայմաններում։
ՀԳ. Չգիտեմ՝ այս գրառումս ինչպես կընդունեք, ամեն դեպքում միաբանվենք հանուն հայրենիքի, ոչ թե օրվա իշխանության։ Մեր ամեն լուման, ամեն ջանք պետք է ծառայի Հայաստանին, ոչ թե ոմանց հիմնադրամներին կամ իշխանական քմահաճույքներին։