Այն, ինչ այսօր եղավ ԱԺ-ում, կարելի է ասել՝ աննախադեպ էր: Աննախադեպ էր, քանզի առաջին անգամ իշխանական կուսակցությունները և ընդդիմադիրները միասնական էին իրենց զարմանքով… Նրանք՝ բոլորը, շոկի մեջ էին, այն, ինչ հայտարարեց Իշխան Զաքարյանը, վեր էր նրանց պատկերացումներից: Իսկ Իշխան Զաքարյանը հայտարարեց, որ վերահսկողության ընթացքում արձանագրվել են բազմաբնույթ խախտումներ և թերություններ, որոնք ընդհանրական են և նույնությամբ կրկնվում են գրեթե բոլոր օբյեկտներում: Դրանցից առավել հատկանշական են հետևյալ երևույթները. չկատարված աշխատանքների դիմաց վճարում, անորակ աշխատանքներ, գների արհեստական թանկացումներ... Ա՛յ այստեղ եկեք մի պահ կանգ առնենք, որովհետև այն օրինակը, որ նա բերեց ամբիոնից, ուղղակի տվայտում առաջացրեց պատգամավորների մեջ:
Իսկ օրինակը հետյալն էր. Իշխան Զաքարյանը, ցույց տալով մալուխի կտոր, ասաց, որ դրա 1 մետրի գինը մանրածախում 110 դրամ է (հիմք` հսկիչ դրամարկղային կտրոն), իսկ կատարողականներում այն ձեռք է բերված մոտ 36000 դրամով:
Հարգելի ընթերցող, եկեք միասին մի հատ պարզ հաշվարկ կատարենք և հասկանանք, թե ինչ չափսերի հասնող թալանի մասին կարող է խոսքը գնալ (կոնկրետ մալուխի պարագայում): Մտովի պատկերացնենք, որ վերոհիշյալ մալուխից ձեռք է բերվել մոտ 1000 մետր: Մանրածախի գներով այդ քանակը պետք է արժենար 1000 x 110= 110000 դրամ, իսկ հիմա նայեք, թե ինչքան է ստացվում ըստ կատարողականի թվերի` 1000 x36000=36000000: Այսինքն՝ հնարավոր հազար մետրի մեջ մոտ 35-36 մլն տարբերություն: Եթե 36մլն դրամն էլ բաժանենք մինիմալ աշխատավարձի վրա` 35000 դրամ, ապա կստանանք 1000-ից ավել աշխատավորների ամսական մինիմալ աշխատավարձի գումարը: Այսինքն՝ միայն մալուխի 1000 մետրի ձեռք բերման պարագայում փոշիանում են 1000-ից ավել մարդու «ճակատագրեր»:
Հ.Գ. Իհարկե, Իշխան Զաքարյանի ելույթի մեջ կային ավելի արժեքավոր խախտումներ, բայց այս մեկն էլ է հերիք, որպեսզի հասկանանք արտագաղթի բուն պատճառները:
replik.am



