Tert.am-ը գրում է.
12:21
Կառավարության մոտ ակցիա իրականացնող գազավորված ըմպելիքներ արտադրողների, գրավատների ու արտարժույթի փոխանակման կետերի աշխատակիցների հետ հանդիպեց և նրանց լսեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
«Հայ կոլա» ընկերության տնօրեն Տիգրան Հովսեփյանը նշեց, որ այս նախագծի նպատակը միջին և փոքր բիզնեսը ոչնչացնելն է:
Ալեն Սիմոնյանն էլ նշեց, որ եկել է նրանց լսելու: «Հարցը գալու է ԱԺ, քննարկելու ենք, որ հասկանալի լինի խնդիրն ինձ համար, եկել եմ ձեզ լսելու»,- ակցիայի մասնակիցներին ասաց Ալեն Սիմոնյանը:
Տիգրան Հովսեփյանն էլ ասաց, որ այդ փոփոխություններով նախատեսվում է՝ եթե 100 գրամ ըմպելիքը 5 տոկոս շաքար պարունակի, կկիրառվի ակցիզային հարկ` առողջապահական նկատառումներից ելնելով: «Ասում են՝ մարդիկ գիրանում են»,- ասաց Տիգրան Հովսեփյանը:
ԱԺ փոխխոսնակն էլ կատակեց. «Իբրև մենք շատ չաղ ազգ ենք»:
«Հայ կոլա» ընկերության տնօրենը Ալեն Սիմոնյանին ցույց տվեց ֆինանսների փոխնախարարի գրած նամակը, որտեղ նշված էր, թե գազավորված ըմպելիքները, անկախ շաքարի պարունակությունից, ենթադրում են վնասակար սպառում: «Որտեղի՞ց է ֆինանսների փոխնախարարը վերցրել, որ վնասակար սպառում է ենթադրում, զարմանալի է»,- ասաց նա և նշեց, որ իրենք կանգնում են մեծ խնդրի առաջ:
«Երբ հուլիսի կամ սեպտեմբերի մեկից ակցիզային հարկը կիրառվեց, մեր ապրանքը 200 դրամի փոխարեն խանութ կմտնի 270-ից 300 դրամով, որից սպառումը կընկնի, ԱԱՀ չենք վճարի, եկամտահարկը կպակասի և այլն: Եթե սա արվում է, որ միջին և փոքր բիզնեսը սնանկանա, խնդրեմ»,- ասաց գործարանի տնօրենը:
ԱԺ փոխխոսնակն էլ խոստացավ` խնդիրը կքննարկեն, հիմնավորումներ կլինեն:
«Ուզում եմ իմանաք` սա դեռ ընդամենը նախագիծ է, դեռ չի ընդունվել, ու չի նշանակում, թե ընդունվելու է»,- ասաց Սիմոնյանը:
Նա հավելեց, որ այսօր հանդիպում է ունենալու մասնագետի հետ և քննարկելու է խնդիրը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ