Ինչի Ադրբեջանը Կարեն Ղազարյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման։ Փորձեմ իմ տեսակետը ներկայացնել։

Երբ որ 2018թ.-ի նոյեմբերի 8-ին Բաքուն Երևանին առաջարկել է փոխանակել երկու կողմում գտնվող գերիներին և ձերբակալված անձանց՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, և երբ հայկական կողմի պատասխանը բացասական էր, Ադրբեջանն, այսպես ասած, որոշեց իր մուռը հանել Հայաստանից։

Ադրբեջանում ներկայումս Հայաստանի երեք քաղաքացիներ են պահվում՝ Արսեն Բաղդասարյանը, Կարեն Ղազարյանը, Զավեն Կարապետյանը, որոնց պաշտոնական Բաքուն համարում է դիվերսանտ՝ մեղադրելով պատերազմական հանցագործությունների մեջ: Նրանք Ադրբեջանում երկարատև ազատազրկման են դատապարտված:

Հայկական կողմում ևս երկու ադրբեջանցի է պահվում: Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասկերովը ձերբակալվել են 2014 թվականին Լեռնային Ղարաբաղի տարածքում: Արցախյան դատարանը Ասկերովին ցմահ ազատազրկման է դատապարտել, իսկ Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով մի շարք ծանր հանցանքներում՝ լրտեսության, պետական սահմանի ապօրինի հատման, ռազմամթերք կրելու, առևանգման, սպանության մեջ։

Այսպիսով՝ Ադրբեջանի համար այս երկու դիվերսանտները՝ Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասկերովը մեծ նշանակություն ունեն, և երբ հայկական կողմից գերիների փոխանակման հարցը բացասական եղավ, այդ ժամանակ ադրբեջանական անուղեղ կառավարությունը ցանկացավ Տավուշի մարզի սահմանապահ Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանից մուռը հանի՝ նրան ներկայացնելով որպես դիվերսանտ։ Շարքային գյուղացիներին որպես դիվերսանտ ներկայացնելն Ադրբեջանի ռազմաքաղաքական ձեռագիրն է։

Հիշեք՝ սահմանի այդ նույն հատվածում մենք ինչեր ենք ունեցել․ 70 տարեկան ծերունուն՝ Մամիկոն Խոջոյանին փորձել են մատուցել որպես դիվերսանտ, այնքան են առողջության հետ փորձարկումներ արել՝ ներարկելով նավթամթերք, հոգեմետ ղեղամիջոցներ, որ մարդը վերադառնալուց հետո նույնիսկ ամենաինտենսիվ թերապիայի պայմաններում չկարողացավ շարունակել կյանքը: Մենք ունենք մեկ այլ դեպք, երբ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը 2014թ.-ի օգոստոսի 8-ին մառախուղում մոլորվել է: Միջազգային կոնվենցաների խախտումներով նկարահանել էին, ցուցադրել էին, մատուցել էին որպես դիվերսանտ, ապա պատահաբար, ըստ ադրբեջանական վարկածի, նա մահացել էր խցում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել