Operativ.am-ը գրում է․

Չինական ավիաընկերությունը դատի է տվել ուղեւորին, որը թռիչքից առաջ օդանավի շարժիչի մեջ 2 մետաղադրամ է նետել, հայտնում է Daily Mail-ը:

Չինացի սնահավատ ուղեւորը կնոջ եւ մեկ տարեկան երեխայի հետ Անցինից Կունմին էր ճամփորդում: Օդանավ բարձրանալիս նա շարժիչի մեջ է նետել 1 յուան անվանական արժեքով 2 մետաղադրամ՝ անվտանգ թռիչքի հույսով: 28-ամյա տղամարդու արարքի պատճառով ավիաընկերությունը ստիպված էր չվերթը չեղարկել: Ոստիկանությունը խախտողին ձերբակալել է այն բանից հետո, երբ վերգետնյա անձնակազմը մետաղադրամները հայտնաբերել է օդանավի շարժիչի մոտ:

Չվերթի չեղարկումը ավիաընկերության համար արժեցել է 140 հազար յուան, իսկ 162 ուղեւորները կարողացել են Կունմին թռչել միայն հաջորդ օրը: Ավիափոխադրողը ուղեւորին դատի է տվել:

Փորձագետների խոսքով՝ անչափ վտանգավոր է օդանավի շարժիչի մեջ մետաղադրամներ գցելը: «Դա ուղեւորների կյանքը լուրջ վտանգի է ենթարկում: Շարժիչը կարող է խափանվել թռիչքի ժամանակ»,- ասել է Չինաստանի Քաղաքացիական ավիացիայի ինստիտուտի պրոֆեսոր Օույան Ցզեն:

Սա առաջին դեպքը չէ, երբ ուղեւորը սնահավատությունից դրդված հաջողության եւ անվտանգ թռիչքի համար փորձում է օդանավի շարժիչի մեջ մետաղադրամներ նետել: Այսպես՝ 2017 թվականի ամռանը 80-ամյա կինը օդանավի շարժիչի մեջ մետաղադրամ էր նետել Շանհայի Պուդուն օդանավակայանում, նա այս կերպ բարձրագույն ուժերից անվտանգ թռիչք էր խնդրել: Սա հանգեցրել էր չվերթի 5 ժամ ուշացմանը եւ ավիաընկերության 1 մլն յուան կորստին: Ուղեւորը պատասխանատվության չէր ենթարկվել տարեց տարիքի պատճառով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել