Վերջին շրջանում Ադրբեջանն արագ տեմպերով զարկ է տալիս իր ռազմական պոտենցիալին: Լայն թափով ինժեներական աշխատանքներ են կատարում, գրեթե ամեն շաբաթ կատարվում է նոր ռազմական հիմնարկի բացման արարողություն: Բացի այդ՝ արդեն իսկ տեղեկություններ են շրջանառվում, որ Ադրբեջանը հավակնում է գնել թուրքական Տ-155 «Ֆըրթընա» (T-155 Fırtına) ինքնագնաց հրետանային համակարգեր և դրա հետ մեկտեղ մտադիր է Չեխիայից ձեռք բերել ռազմատեխնիկայի նոր խմբաքանակ։
Մինչ Ադրբեջանը ցանկանում է մեծ արագությամբ մեծացնել իր ռազմական ներուժը՝ չբացառելով Արցախյան հիմնախնդրի լուծման ուժային տարբերակը, մենք Հայաստանում զբաղված են տարաբնույթ ներքաղաքական խնդիրներով և տարբեր անիմաստ քննարկումներով: Իսկ հայկական տիրույթում հիմնական շրջանառվող թեման կապված է 12 «Սու-30» կործանիչների տրամադրման հետ, որոնք հայկական կողմը ձեռք կբերի միայն 2020-ին:
Ադրբեջանական կողմի ռազմաքաղաքական նժարի ծանրանալը պետք է լուրջ ահազանգ լինի Հայաստանի նոր ղեկավարության համար ներքաղաքական և զանազան պոպուլիստական հարցերի վրա կենտրոնանալու փոխարեն լուրջ քայլեր ձեռնարկել Հայաստանի ռազմական և դիվանագիտական ներուժը մեծացնելու ուղղությամբ՝ ընդհուպ մինչև նորագույն սպառազինությունների նոր խմբաքանակի ձեռքբերում և միջազգային հարթակում հայկական կողմի համար նպաստավոր պայմանների ստեղծում: