2013 թ. Եգիպտոսում տեղի ունենցած ռազմական հեղաշրջումից հետո կտրուկ սրվեցին այդ երկրի նոր իշխանությունների և հատկապես նախագահ Աբդ ալ-Ֆաթթահ ալ-Սիսիի և Թուրքիայի բարձրագույն իշխանությունների հարաբերությունները: Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցայժմ չի կարողացել հաշտվել սեփական գաղափարակիցների՝ «Մուսուլման եղբայրների» պարտության հետ առանցքային նշանակություն ունեցող արաբական այդ երկրում:

Եվ անցյալ առնվազն 5 տարիների ընթացքում տարբեր առիթներով պարբերաբար սրվել է Անկարա-Կահիրե բանավոր փոխհրաձգությունը: Այս համատեքստում երկկողմ լարվածության հերթական պատճառ է դարձել 2015 թ. սպանված Եգիպտոսի գլխավոր դատախազի դեմ մահափորձը կազմակերպած 9 երիտասարդների մահապատիժը:

Կոշտ քննադատության ենթարկելով ալ-Սիսիին՝ Էրդողանը մասնավորապես նշել է. «Այժմ ես պատասխանում եմ նրանց, ովքեր հարցնում են՝ ինչու Թայիփ Էրդողանը չի խոսում Սիսիի հետ, բայց ես երբեք չեմ խոսի նրա նման մեկի հետ»: Այսպիսով՝ գնդակն արդեն Եգիպտոսի դաշտում է, և, վստահաբար, պատասխան հարձակումը երկար սպասեցնել չի տա, իսկ առավել գլոբալ առումով թուրք-եգիպտական լարվածությունը զգալի բացասական ազդեցություն է ունենում նաև մերձավորարևելյան տարածաշրջանում ԱՄՆ-ի կողմից համակարգվող մի շարք ծրագրերի, մասնավորապես՝ Իրանի, Պաղեստինի հետ կապված հիմնահարցերի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել