2018թ. դեկտեմբերի 3-ին Արարատ քաղաքում տեղի ունեցած նախընտրական հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկա 5 տարիներին հավելյալ 2.5 միլիարդ դոլար է ծախսվելու ՀՀ Զինված ուժերի համար, և այդ գումարն, ըստ վարչապետի, պետք է վճարեն հանրությանը հայտնի կոռուպցիոներները: Հայաստանի վարչապետը նույն միտքը տառացիորեն վերահաստատեց նաև ընտրություններից հետո՝ 2018թ. դեկտեմբերի 13-ին հրավիրված կառավարության առաջին նիստում:
Հատկանշական է այն հանգամանքը, որ խոսքը գնում է ոչ թե պետական բյուջեով ամեն տարի զինված ուժերին նախատեսվող, այլ ՀԱՎԵԼՅԱԼ գումարի մասին: Ինչ խոսք, սա նշանակալի ներդրում կլինի Զինված ուժերի համար և որակապես ու արմատապես կփոխի մեր բանակի ներկայիս դեմքն ու հնարավորությունը: Ավելին՝ այդպիսի ներդրման պայմաններում որևէ կասկած չկա, որ տարածաշրջանում ամբողջությամբ կփոխվի ռազմաքաղաքական հավասարակշռվածությունը՝ հօգուտ մեր երկրի:
Այս գործընթացը ենթադրում է տարեկան կես միլիարդ դոլարի ներդրում, ինչն ավելի մեծ գումար է, քան պետական բյուջեով ամեն տարի բանակին տրամադրվող գումարն ամբողջությամբ: Այս տրամաբանության լույսի ներքո պետք է ենթադրել, որ այս տարի առնվազն կես միլիարդ դոլար պետք է վերադարձվի մեզ հայտնի կոռուպցիոներներից, որ ուղղվի բանակի վերազինմանը…
Կարծում եմ, որ ընթացիկ տարին ամփոփելիս հնարավորություն կունենանք արձանագրելու, թե այս ուղղությամբ ինչ ենք արել և ուր ենք հասել․․․
ՀԳ. ՀՀ սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:
Իմ պատկերացրած իրավական պետությունը նաև այն է, որ որևէ կոռուպցիոներ ոչ միայն պետք է վերադարձնի կոռուպցիոն մեխանիզմներով պետությունից ու հասարակությունից թալանածը, այլև խստագույնս պատասխանատվության ենթարկվի դրա համար։