Yerkir.am-ը գրում է.

Թուրքիայում հայտնաբերվել են ավելի քան հազար տարվա քրիստոնեական սրբապատկերներ. հայտնում է CNN-turk-ը:

Թուրքիայի Դենիզլի նահանգի ոստիկանությունը առգրավել է Հիսուս Քրիստոսի կյանքի դրվագներով նկարազարդ գիրք և ավելի քան հազար տարի թվագրվող 4 պատմական գրքեր, որոնք ցանկանում էին ապօրինի կերպով վաճառել: Ենթադրվում է, որ պապիրուսի վրա ասորերեն և արամեերեն գրված գրքերը Մերձավոր Արևելքից են գողացվել: Քրիստոնեական աշխարհի համար մեծ կարևորություն ունեցող այս ստեղծագործությունների արժեքը դեռևս չեն կարողանում սահմանել:  

Դենիզլիի ոստիկանության մաքսանենգության և կազմակերպված հանցագործությունների բաժինը տեղեկություն էր ստացել, որ քաղաքում պատմական արժեք ունեցող գրքերի մաքսանենգության փորձ է կատարվում: Ոստիկանությունը պարզել է, որ մաքսանենգները, գրքերը բերելով Թուրքիա, փնտրել են գնորդ, սակայն այդպես էլ չեն հասցրել վաճառել դրանք:

Գրքերը ուսումնասիրման են հանձնվել Փամուքքալեի համալսարանի դասախոս Ֆահրիյե Բայրամին: Գրքերից 2-ը հազար տարվա պատմություն ունեն, և ոսկետառ գրվածքը պալատական արվեստի նմուշ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել