Armtimes.com-ը գրում է.

Ժամեր առաջ ՀՀ ՊՆ N զրամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային վիրավորումից մահացած 34-ամյա Մեսրոպ Գրիգորյանը Կոտայքի մարզի բնակիչ էր:

Նա Զինված ուժերում ծառայում էր 2018 թվականից:

Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց Կոտայքի զինկոմի տեղակալ, փոխգնդապետ Բաբկեն Կուրղինյանը: Նա ասաց, որ զինծառայողը ծնողներ չուներ. «Մանկատան երեխա է եղել, մանկատանն է մեծացել, քույր ու եղբայր ունի»,- ասաց զինկոմի տեղակալը՝ նշելով, որ այժմ իրավապահներն աշխատում են դեպքի վայրում:

Ըստ մեր ունեցած նախնական տեղեկությունների՝ պայմանագրային զինծառայողը մահացել է ժամկետային զինծառայողի արձակած կրակոցից: Նույն այդ տեղեկություններով, Մեսրոպ Գրիգորյանի եւ զինծառայողի միջեւ վիճաբանություն է ծագել բջջային հեռախոսի պատճառով, որն էլ ավարտվել է կրակոցով: Գրիգորյանը ժամկետային զինծառայողի ձեռքից վերցրել է հեռախոսը, իսկ զինծառայողն էլ այն ետ է պահանջել, ինչի պատճառով էլ տեղի է ունեցել դեպքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել