Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության անցկացման շրջանակում նոյեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (ՌՍՄԽ) նախագահ, գնդապետ Ռոլիմ Նիլտոնին, ՌՍՄԽ մարզական տնօրեն, փոխգնդապետ Յան վան դեն Դուլին, ՌՍՄԽ մարզական բաժնի արդյունքների և վիճակագրական տվյալների պատասխանատու, փոխգնդապետ Ջաիր Ակամինեին։
Սուրեն Պապիկյանը ողջունել է հյուրերին՝ կարևորելով Հայաստանում նմանօրինակ լայնամասշտաբ միջոցառման անցկացումը:
Նախարարը նշել է, որ Ռազմական սպորտի միջազգային խորհրդին ՀՀ-ն անդամակցում է 1994 թվականից, սակայն ակտիվ անդամ դարձել է 2010 թվականից: Այս ընթացքում ՀՀ մարզիկները մասնակցել են ամենատարբեր առաջնությունների և նվաճել բազմաթիվ մրցանակային տեղեր։
Հանդիպման ավարտին նախարար Պապիկյանը հյուրերին շնորհակալություն է հայտնել վստահության և կազմակերպչական օժանդակության համար։
ՌՍՄԽ նախագահը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, նախարարի 1-ին տեղակալ, ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանին և նախարարի տեղակալ Արման Սարգսյանին պարգևատրել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի մեդալներով:
Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը տեղի կունենա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 20-22-ը, որին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մի շարք երկրների պատվիրակություններ (ավելի քան 400 անձ):
Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության բացման արարողությունը նախատեսված է նոյեմբերի 20-ին՝ ժամը 17:00-ին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ArmeniaMOD/posts/pfbid09XCfSSMvDvykLLif8toU1BEXRRcbErw2NuwUXEQBqUjZWJsk3CX1BtVXC1S1ncYGl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել