Lragir.am-ը գրում է.

Մայրաքաղաքում աղբահանության գործընթացի լիարժեք կազմակերպման համար անհրաժեշտ է շուրջ 8000 աղբաման: Կատարված դիտարկումների համաձայն այսօր մայրաքաղաքում շուրջ 5000 աղբաման կա: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը «Սանիթեք» ընկերությանը հորդորել է հետևողական աշատանքներ տանել աղբամանների անհրաժեշտ քանակի ապահովման ուղղությամբ:

Երևանում սեփական նախաձեռնությամբ ծրագրեր իրականացնելու վերաբերյալ քաղաքացիների կողմից առաջարկներ ներկայացնելու նպատակով առցանց համակարգի ստեղծման աշխատանքներն ընթացքի մեջ են: Քաղաքապետին զեկուցել են, որ «Ակտիվ քաղաքացի» առցանց հարթակը կծառայի ոչ միայն այս նախաձեռնությունը կյանքի կոչելուն, այլև ապագայում քաղաքացիների հետ մշտական կապի ապահովման, տեղական նշանակության հանրային հարցումներ իրականացնելու հնարավորություն կդառնա:

«Սա հենց այն է, ինչ հարկավոր է: Առաջինը կմեկնարկի ծրագիրը, որը նախաձեռնել ենք, և ընդհանրապես, այս հարթակը կլինի ուղիղ կապ մեր բնակիչների հետ»,- նշել է Հայկ Մարությանը:

Օպերային կից տարածքում արդեն այս տարի սրճարանների փոխարեն կկառուցվի նոր պուրակ: Կվերստեղծվի շուրջ 1 հեկտար կանաչ տարածք՝ նոր լուծումներով,  թանկարժեք ծառատեսակներով: Քաղաքապետ Մարությանը հանձնարարել է ծրագրի իրականացման համար հայտարարել բաց մրցույթ՝ գործընթացին մասնակից դարձնելով նաև բնակիչներին:

Երևանցիների անվտանգությունն ապահովելու նպատակով հանձնարարվել է գույքագրել մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի մուտքերի դռները: Առաջարկվել է համատիրության և բնակիչների հետ համատեղ դռների վրա ապահովել կոդերով փականների տեղադրումը:

«Սա բնակիչների ընդհանուր գույքն է, և պետք է քաղաքապետարանը բացատրական աշխատանքներ տանի, որ աստիճանաբար այդ փականները քաղաքացիները համատիրությունների հետ համատեղ տեղադրեն»,- նշել է  քաղաքապետը:

Անդրադառնալով  Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ոստիկանության միջև ձևավորված համագործակցությանը՝ քաղաքապետ Մարությանը գոհունակություն է հայտնել համատեղ արդյունավետ աշխատանքի կապակցությամբ և ընդգծել, որ փոխգործակցության արդյունքներն աստիճանաբար տեսանելի են դառնում քաղաքում:

«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում մարտի 23-ին կհայտարարվի համաքաղաքային շաբաթօրյակ: Հանձնարարվել է աշխատանքներ տանել գործընթացը պատշաճ կազմակերպելու ուղղությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել