Որոշակիորեն ծանոթացա կառավարության ծրագրին, որը նախատեսվում է առաջիկայում ներկայացնել Ազգային ժողովի հաստատմանը:
Դեռևս ժամանակ կունենանք առավել մանրակրկիտ անդրադառնալու այդ կարևորագույն փաստաթղթին, ավելին՝ այդ նպատակով առաջիկայում ԶԼՄ-ների միջոցով հանրությանը կներկայացնենք մեր տեսակետները, այդուհանդերձ, ցանկանում եմ այժմ արձանագրել ընդամենը հետևյալը. շուրջ 8 ամիս է, ինչ խոսվում է անցումային արդարադատության մասին: Կառավարության ծրագրում որևէ տող կամ ակնարկ այդ ծրագրի մեկնարկի, ռազմավարական հայեցակարգի, գործողության ժամկետի մասին առկա չէ: Տվյալ դեպքում առնվազն պարզաբանման անհրաժեշտություն է զգացվում, թե արդյո՞ք փոխվել են կառավարության մոտեցումներն ու պատկերացումները անցումային արդարադատության մասին, թե՞ ոչ, եթե այո՛, ինչո՞ւ, իսկ եթե ոչ, ապա ինչո՞ւ այդ գաղափարի մասին որևէ հիշատակում կամ որևէ ծրագրային դրույթ գոյություն չունի: