ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն առաջարկում է Հայաստանի պետական օրհներգը փոխել՝ վերադարձնելով Խորհրդային Հայաստանի հիմնը, որի երաժշտության հեղինակն Արամ Խաչատրյանն է, իսկ բառերը գրել է անանուն հեղինակը, որի անունը նա չնշեց: Անկեղծ հույս ունեմ, որ Ալեն Սիմոնյանի նշած անանուն հեղինակը Հռագը չէ, և որոշ ժամանակ հետո ձեռքներս սրտներիս դրած չենք արտաբերի «Դուխով» և «Նյուխով» բառերը:
Ինչ վերաբերում է փոխելու դրդապատճառներին, Սիմոնյանը նշում է մի քանի պատճառ: Նա ավելի սիմվոլիկ է համարում ավելի հնին վերադարձը, որը մեր պատմությունն է և մեր ակունքներն են: Իսկ համակերպվել արդեն իսկ սիմվոլ դարձած ներկայի հիմնի հետ նա չի կարող: Արվեստը այդպիսի բան է: Պետք է լինել հանճար, որպեսզի գնահատես քո ժամանակներում քեզ հետ քայլող հանճարին, որին ճնշում է անցյալի հանճարներ փառքը: Չմոռանանք, որ Վինսենթ Վան Գոգն իր նկարած 800 նկարներից կյանքի օրոք վաճառել է ընդամենը մեկը: Մահանալուց հետո համարվել է ժամանակակից արվեստ հայրը:
Երաժշտական կողմից նրա քննադատությունները ներկայիս հիմնին ամենամակերեսայիններն են: «Հիմնը պետք է լինի բարձրացող, կարծում եմ՝ սա բարձրացող չէ», և «Կոմիտասը մաքրել և առանձնացրել է հայկական մելիզմները բոլոր երաժշտությունների միջից»: Դա նույնն է, երբ պատմաբանի հետ Ավարայրի ճակատամարտը քննարկելիս ներկայացնես քեզ հայտնի միակ փաստարկը՝ «Հայերը տարել են բարոյական հաղթանակ»:
Խնդրի ամենավատ լուծումը հանրային քննարկումներն են կամ հանրաքվեն: Դրանում համոզվելու համար բավական է ստուգել Ռազմիկ Ամյանի և Սարոյի տեսահոլովակների դիտումների քանակը և համեմատության մեջ դնել թեկուզ նույն Արամ Խաչատրյանի երաժշտությունների դիտումների հետ: Իսկ ԱԺ-ում քվեարկելիս պատկերը շատ չի փոխվի, քանի որ 88 պատգամավորների մեջ գործող «ներքին ընդդիմությունը» դեռևս ոչ մի հարցով չի ընդդիմացել:
Կարծում եմ՝ սա պարզապես պատմության մեջ հիշվելու փորձ է, որի համար Ալեն Սիմոնյանն ընտրել է ամենահեշտ ուղին՝ Հերոստրատի ուղին:
Տեսանյութը՝ ստորև․