Սիրիան եւ Իրանը 11 համաձայնագիր են ստորագրել, որոնք վերաբերում են երկու երկրների բազմակողմանի համագործակցությանը՝ ներառյալ երկարաժամկետ ռազմավարական տնտեսական փոխգործակցության համաձայնագիրը:
Փաստաթղթերը, որոնք հունվարի 28-ին ստորագրվել են Իրանի առաջին փոխնախագահ Էսհակ Ջահանգիրիի՝ Դամասկոս կատարած այցի շրջանակում, ընդլայնում են համագործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, մշակույթը, կրթությունը, ենթակառուցվածքը, ներդրումները, բնակարանային շինարարությունը: Փաստաթղթերի ստորագրումից հետո կողմերը նշել են, որ այն «ազդանշան դարձավ ամբողջ աշխարհի համար, որ սիրիա-իրանական համագործակցությունն իրողություն է»:
Իրանը, Սիրիայում ռազմական աջակցություն ցուցաբերելով ու փրկելով Ասադի ռեժիմը, ամրապնդում է շիայական առանցքն ու դրա առանցքային օղակ Սիրիան:
Սիրիայում գտնվում են իրանցի ռազմական մասնագետներ, տարբեր շիայական խմբավորումներ, և սիրիական թատերաբեմում պատերազմի դադարեցման կամ ինտենսիվության նվազման ֆոնին Իրանը ցանկանում է նաև տնտեսապես ամրապնդվել Սիրիայում` իրանական շահերն ուժեղացնելով նաև տնտեսական ոլորտներում:
Դրանով Թեհրանը ցանկանում է մասնակցել հետպատերազմական Սիրիայի վերականգնմանն ու շարունակել առանցքային դերակատարում ունենալ Դամասկոսում որոշումների կայացման վրա: Սիրիան Իրանի դարպասն է դեպի Միջերկրական ծով, Լևանտ` Լիբանան ու շիայական Հզբոլահ շարժում:
Բացի այդ՝ Սիրիան իրանական պլացդարմ է նաև Իսրայելի դեմ, ինչը ոչ պակաս կարևոր է Իրան-Իսրայել հնարավոր ապագա պատերազմում: