Այսօր Բաքվի ջարդերի զոհերի հիշատակի օրն է: 1988թ. Սումգայիթյան ջարդերին հաջորդեցին 1990թ. Բաքվի ջարդերը, որոնք ուղղված էին տեղի հայ բնակչության դեմ: Բաքվի ջարդերը տևեցին 7 օր՝ հունվարի 13-19-ը, որի արդյունքում հարյուրավոր հայեր զոհվեցին, իսկ շուրջ 250.000 հայ տեղահանվեց, հալածվեց և ողջակիզվեց, կան նաև մինչ օրս անհետ կորածներ:
Նմանատիպ հանցագործությունները, որոնք իրականացվում են մարդկության դեմ, պետք է խստագույն կերպով դատապարտվեն, որպեսզի չծնվեն նորերը: Միջազգային ոչ մի կառույց դեռևս այդ հանցագործությունների վերաբերյալ ոչ մի դատապարտող և արժանի գնահատական չի տվել, ինչը ստեղծում է անպատժելիության և անարդարության մթնոլորտ:
Այս օրերին միջազգային մի շարք կառույցներ ողջունում են Հայաստանին և Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցությունների վերսկսման փորձ անելու համար, սակայն նախ՝ պետք է նմանատիպ հանցագործություններին գնահատական տալ, որպեսզի հետագայում իրապես բանակցությունները և խնդրի կարգավորումն անցնեն խաղաղ և փոխադարձ ըմբռնման պայմաններում: