Հնարք N1. «Ուշադրության շեղում»:
Քաղաքական ու տնտեսական ղեկավար շրջանակների կողմից հանրությանը ղեկավարելու հիմնական տարր է հանդիսանում կարևոր խնդիրներից ու որոշումներից մարդկանց ուշադրության շեղումը՝ տեղեկատվական դաշտը մշտապես քիչ նշանակություն ունեցող հաղորդագրություններով լցնելու միջոցով:
Ուշադրության շեղման հնարքը էական է այն բանի համար, որ քաղաքացիներին չտրվի հնարավորություն՝ ստանալ կարևոր գիտելիքներ ժամանակակից փիլիսոփայության հոսքերի, առաջադեմ գիտության, տնտեսագիտության, հոգեբանության, նեյրոկենսաբանության և կիբեռնետիկայի և այլ բնագավառներից:
Դրա փոխարեն ինֆորմացիոն դաշտը լցվում է սպորտային լրատվությամբ, շոու-բիզնեսով, խորհրդապաշտությամբ (միստիկա) և այլ նմանատիպ տեղեկատվական բնույթի տարրերով, որոնք հիմնված են մարդկային մնացուկային, վերապրուկային բնազդների վրա՝ էրոտիկայից մինչև կոշտ պոռնոգրաֆիա և կենցաղային փոքր սցենարների էկրանավորումից մինչև հեշտ ու արագ հաջողության կասկածելի օրինակներ:

Հնարք N 2. «Խնդիր-փոխազդեցություն (ռեակցիա)-լուծում»:
Ստեղծվում է արհեստական խնդիր (պրոբլեմ), ինչ որ «իրավիճակ», հաշվարկված այն բանի համար, որ առաջացնի որոշակի ռեակցիա բնակչության մոտ և որ հենց նույն բնակչությունն ինքը պահանջի ձեռնարկել միջոցներ, որոնք անհրաժեշտ են ղեկավարող շրջանակներին:
Օրինակ, բնակչության շրջանում թույլատրել մասնավոր ու աղմկահարույց բռնության դեպքերի շղթա կամ արյունալի սպանություն ու ահաբեկչություն, որպեսզի քաղաքացիներն իրենք պահանջեն անվտանգության ու պետական քաղաքականության կոշտ միջոցների ներդրման մասին օրենք, որով կնվազեցվի ողջ բնակչության կամ որոշակի շրջանակների մարդկանց քաղաքացիական ազատությունները:
Կամ առաջացնել տնտեսական ինչ որ ահաբեկչական կամ տեխնածին ճգնաժամ, որպեսզի իրենց գիտակցության մեջ մարդկանց ստիպեն ընդունել դրանց հետևանքները վերացնելու միջոցներ, թեկուզ և դրանով խախտվի իրենց սոցիալական իրավունքը՝ որպես «անհրաժեշտ չարիք»: 
Պետք է հասկանալ, որ հիմնականում ճգնաժամները իրենք իրենց չեն առաջանում:

Հնարք N 3. «Աստիճանաբար քայլեր»:
Որպեսզի հասնեն ինչ որ ոչ սովորական՝ ոչ ընդունված, ոչ ժողովրդական միջոցների ընդունման, անհրաժեշտ է այդ միջոցները ներդնել աստիճանաբար՝ օրեցօր, տարեց տարի: Հենց այդ կերպ են 90-ականներից առ այսօր խորությամբ ներդրվել կամ փաթաթվել սկզբունքորեն նոր սոցիալ-տնտեսական պայմանները (նեոլիբերալիզմը):
Պետության գործառույթների ու պատասխանատվության կրճատում, սեփականաշնորհում, անորոշություն, անկայունություն, զանգվածային գործազրկություն, աշխատավարձ, որն այլևս չի ապահովում արժանապատիվ կյանք և այլն. Եթե այս ամենը տեղի ունենար միանգամից՝ ամենայն հավանականությամբ այն կհասցներ հեղափոխության:

Հնարք N 4. «Կատարման, իրագործման հետաձգում»:
Ոչ ընդունված՝ ոչ ժողովրդական որոշման առաջ մղման ևս մեկ միջոցն այն է, որպեսզի այն մատուցվի, ներկայացվի որպես «ցավոտ և անհրաժեշտ» և տվյալ պահին հասնել քաղաքացիների համաձայնության մի պայմանով, որ այն կիրագործվի ոչ տվյալ պահին, այլ՝ ապագայում:
Մարդիկ ավելի հեշտ համաձայնում են ինչ որ զոհաբերության ապագայում, քան՝ ներկայում: Առաջին հերթին, որովհետև դա տեղի չի ունենա անմիջապես: Երկրորդ հերթին, որովհետև ժողովրդի հիմնական զանգվածը մշտապես հակված է փայփայել միամիտ հույսեր առ այն, որ «վաղն ամեն ինչ դեպի լավը կփոխվի» և այն զոհաբերությունը, որ իրենից են պահանջում՝ կհաջողվի խուսափել: 
Այդ ամենը ժամանակի առումով հնարավորություն է տալիս քաղաքացիներին, որպեսզի վարժվեն փոփոխությունների մասին մտքին և խոնարհաբար ընդունեն այն՝ երբ գա դրա ժամանակը:

Հնարք N 5. «Ժողովրդի մանկամտացման (ինֆանտիլիզացիայի) գործընթաց»:
Քարոզչական բնույթի ելույթների մեծ մասում, որոնք հաշվարկված են հանդիսատեսի լայն շրջանակի համար, կիրառվում են այնպիսի փաստարկներ, կերպարներ, բառեր և տոնայնություն, կարծես թե խոսքը գնում է զարգացման կասեցումներով դպրոցահասակ տարիքի երեխաների կամ մտավոր անլիարժեք անհատների մասին:
Որքան ուժեղ է որևէ մեկը փորձում մոլորեցնել լսողին, այնքան ավելի շատ է փորձում օգտագործել մանկամտային (ինֆանտիլային) խոսքի շրջանառումը:
Երբ որևէ մեկը դիմում է մարդուն այնպես, կարծես նա 12-14 տարեկան դեռահաս է, ապա պատասխանում, ներշնչվածության ազդեցությամբ կամ այդ մարդու ռեակցիայում՝ նույնպես բացակայում է քննադատական գնահատականը, որը բնորշ է երեխաներին:

Հնարք N 6. «Շեշտադրում հույզերի (էմոցիաների) վրա»։
Հույզերի վրա ազդեցությունն իրենից ներկայացնում է նյարդա-լեզվաբանական ծրագրավորման դասական հնարք, որն ուղված է մարդկանց բանական վերլուծության կարողությունները արգելափակելուն, որը վերջնարդյունքում՝ ընդհանրապես հանգեցնում է կատարվող իրադարձությունների քննադատական մտածողության կարողունակության բացառման։
Մյուս կողմից, հուզական գործոնի օգտագործումը դուռ է բացում դեպի ենթագիտակցություն, նրա համար, որպեսզի այնտեղ ներդրվեն մտքեր, ցանկություններ, վախեր, մտահոգություններ, հարկադրանքներ կամ վարքագծի կայուն ձևեր։ Հմայախոսելով այն մասին, թե ինչքան դաժան է տեռորիզմը, որքան անարդար է իշխանությունը, ինչպես են տառապում սովյալներն ու նվաստացվածները՝ կադրից դուրս են թողնում ընթացող իրականության ճշմարիտ պատճառները։ Հույզերը տրամաբանության թշնամիներն են։

Հնարք N 7. «Բնակչության տկարամտացում (դեբիլիզացիա)։
Կարևոր ռազմավարություն է՝ հասնել նրան, որպեսզի մարդիկ անկարող դառնան հասկանալու այն հնարքներն ու մեթոդները, որոնք կիրառվում են իրենց կառավարելու և կառավարողների կամքին ենթարկելու համար։
Ցածր սոցիալական խավերին մատուցվող կրթության որակը պետք է լինի հնարավորինս միջակ, որպեսզի անտեղյակությունը, որը բաժանում է ստորին խավերին բարձրերից՝ մնա այն մակարդակի վրա, որը ցածր խավերը չեն կարող հաղթահարել:

Հնարք N 8. ««Նորաձևության» խթանում՝ դեպի միջակություն»։
Իշխանությունները ձգտում են այն միտքը ներդնել, որ նորաձև է հիմար, գռեհիկ ու անդաստիարակ լինելը։
Այս ճանապարհը նախորդից անբաժան է, քանի որ ժամանակակից աշխարհում միջակությունը հսկայական քանակությամբ առկա է ցանկացած սոցիալական ոլորտում՝ կրոնից ու գիտությունից մինչև արվեստ ու քաղաքականություն:
Սկանդալները, դեղին մամուլը, կախարդությունն ու մոգությունը, կասկածելի հումորն ու պոպուլիստական գործողությունները՝ սրանք բոլորն օգտակար են մի նպատակի հասնելու համար. թույլ չտալ, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան ընդլայնել իրենց մտահորիզոնն ու գիտակցությունը՝ մինչև իրական աշխարհի անսահման եզերքները։

Հնարք N 9. «Մեղքի զգացումի աճ»։
Եվս մեկ այլ խնդիր. Ստիպել մարդուն հավատալ այն բանին, որ միայն ինքն է մեղավոր սեփական անբախտության և անհաջողության մեջ, որոնք տեղի են ունենում իր մտավոր հնարավորությունների անբավարարության, ունակությունների կամ պահանջվող ջանքերի բացակայության պատճառով:

Արդյունքում, տնտեսական այդ առկա համակարգի դեմ ապստամբելու փոխարեն, մարդը սկսում է զբաղվել ինքնաոչնչացմամբ, ամեն ինչում մեղադրելով ինքն իրեն, որը հանգեցնում է ճնշվածության հոգեվիճակի, որն էլ, ի թիվս այլ բաների՝ հանգեցնում է անգործության:

Հնարք N 10. «Մարդկային բնույթի գերազանց իմացություն»։
Վերջին 50 տարիների ընթացքում գիտության զարգացման մեջ առաջընթացը հանգեցրել են սովորական մարդկանց գիտելիքների և իշխող դասակարգերի կողմից տիրապետվող եւ օգտագործվող տեղեկատվության միջեւ աճող խզման ձևավորմանը:
Կենսաբանության, նյարդակենսաբանության եւ կիրառական հոգեբանության շնորհիվ՝ համակարգն իր տրամադրության տակ ունի առաջատար գիտելիքներ մարդու մասին, ինչպես ֆիզիոլոգիայի, այնպես էլ՝ հոգեբանության բնագավառում: Համակարգը կարողացավ սովորական մարդու մասին իմանալ ավելին, քան մարդն ինքն իր մասին է իմանում:
Սա նշանակում է, որ շատ դեպքերում համակարգը ավելի մեծ իշխանության է տիրապետում ու ավելի բարձր աստիճանի կառավարում ունի մարդկանց նկատմամբ, քան ինքներն՝ իրենց:

Իսկ դուք այս թվարկված հնարքներից կյանքում նկատե՞լ եք գործողության մեջ ...
------------------------------------------------------------------
Հ.Գ. Հեղինակ՝ ամերիկացի, աշքենազյան հրեա Ավրամ Նոամ Չոմսկի (անգլ.՝ Avram Noam Chomsky, եբր.՝ אברם נועם חומסקי‎.)։
Թարգմանությունը՝ Արթուր Եղիազարյանի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել