Դեռ նախկին քաղաքային իշխանությունները նման խոստում էին տվել՝ նշելով, որ նոր ցանցի մշակումն ամբողջապես ավարտված է, այն հնարավոր է աստիճանաբար կյանքի կոչել ու վերափոխել հին տրանսպորտային համակարգը:
Բայց, ինչպես ասում են, այս դեպքում նույնպես շաբաթն ուրբաթից շուտ եկավ. այդ հարցում ևս երևանցիներին մեծ հիասթափություն էր սպասում: Ինչպես քաղաքապետ Հայկ Մարությանը վարչապետի պաշտոնակատարի հետ զրույցում նշել էր, նոր ցանցի շահագործումը կհետաձգվի, ընդ որում՝ ոչ թե մի քանի ամսով, այլ 2-4 տարով:
Քաղաքապետի հայտարարությունը խոր դժգոհություն է առաջացրել ոչ միայն մայրաքաղաքի բնակչության, այլև սպառողների և ուղևորափոխադրողների շահերը պաշտպանող կազմակերպությունների ներկայացուցիչների շրջանում:
Փորձագետների հավաստմամբ՝ նախկին քաղաքային իշխանությունների ժամանակ մշակված տրանսպորտային ցանցի փաթեթը բավական լավն է ու արդյունավետ, դրա իրագործումը նրանք իրատեսական են համարում՝ նշելով, որ ցանցը ներդնելու համար մի քանի մանր հարցեր էին մնացել հստակեցնելու:
Եվ հիմա իրենց համար անհասկանալի է քաղաքային նոր իշխանությունների հապաղումը, ժամանակ ձգելը, առավել ևս, որ այդ ցանցի մշակման համար միջազգային խորհրդատու ընկերությանը վարկային միջոցներով 850 հազար դոլար է վճարվել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել