Lragir.am-ը գրում է.

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը լրագրողներին կոչ է անում խորամուխ չլինել վարչապետի, ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսման բովանդակության մեջ: Այսօր լրագրողների հարցին ի պատասխան Զեյնալյանն ասաց, որ գրավականը, որ դատական համակարգը բարելավվել է, ավելի անկախ է դարձել, հենց այն է, որ պետական մարմիններն այսօր դատարաններում պարտվում են:

«Այս կառավարության գործունեության ընթացքում եղել են բազմաթիվ դատական ակտեր, որոնք չեն բավարարվել և չեն գոհացրել կալանքի միջնորդություն ներկայացրած մարմնին: Եվ սա նորմալ է, դատարանն անկախ է, և դատական ակտերը կարող են չգոհացնել նաև պետական մարմիններին ու պաշտոնատար անձանց, իսկ այդպիսի դեպքեր հիմա շատ կան, ավելի կշատանան: Այդպես պետք է լինի ժողովրդավարական հասարակարգում: Արդարադատության նախարարը որևէ դատավորի որևէ հրահանգ չի տվել այս կառավարության գործունեության ընթացքում: Եվ ես չեմ ուզում քննարկման առարկա դարձնել այդ ձայնագրությունները, դրանք կատարվել են կոնկրետ նպատակով և դրանց հրապարակումը դոզավորված իրականացվում է կոնկրետ նպատակով: Եվ դա շանտաժ է, շորթում է, ահաբեկչություն է: Եթե մենք տուրք տանք գայթակղությանը և քննարկման առարկա դարձնենք դրանց բովանդակությունը, մենք շատ փխրուն իրավունքի նկատմամբ իրականացնում ենք ոտնձգություն, ինքներս դառնում ենք դրա գործիքները»,- ասաց նա:

Ըստ Զեյնալյանի՝ նամակագրության և հեռախոսային գաղտնիության իրավունքը այնպիսի հիմնարար ու խոցելի իրավունք է ներկայիս տեխնիկայի դարում, որ եթե մենք սկսենք քննակել այդ խոսակցությունների բովանդակությունը, կդառնանք այդ իրավունքի նկատմամբ ոտնձգություն իրականացրած անձանց, խմբերի գործիքը: Այդպիսի միջամտություն կարող է անել բացառապես պետությունը, բացառապես դատական ակտի հիման վրա: Եվ այդ միջամտությունը պետք է հետապնդի իրավաչափ նպատակ և լինի անհրաժեշտ ժողովրդավարական հասարակարգում:

«Մենք արդեն իսկ բոլորս դրա պոտենցիալ զոհերն ենք, քանի դեռ չի բացահայտվել այդ խումբը կամ անձը և չի ենթարկվել պատասխանատվության»,- ասաց նա:

Ըստ Զեյնալյանի՝ դատական համակարգի բարելավման ուղղությամբ կատարվում են աշխատանքներ, մշակվել է ռազմավարություն, որը ներդրվելու է: Միաժամանակ, ըստ նրա, կառավարությունը ձեռնարկում է միջոցներ՝ ապահովելու դատական իշխանության անկախության երեք ատրիբուտներից յուրաքանչյուրը առանձին վերցրած:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել