Մերօրյա թրաշամանուկներն ու իրենց լիդերը հաճախ են սիրում կրկնել՝ ժողովուրդը այսպես, ժողովուրդը այնպես, ժողովուրդը ՀՀԿ-ին չի ուզում, ժողովուրդը արտահերթ է ուզում… Շու՜տ, շու՜տ, արագ, առանց արտահերթի չենք կարողանալու ո՛չ ապրել, ո՛չ աշխատել…

Պարզվեց, որ արտահերթի պահանջով քնող-արթնացող ժողովուրդը չգնաց ընտրության, մնաց տանը՝ անտարբեր հայացքով հետևելով իրադարձություններին, չնախընտրելով և ոչ մի քաղաքական ուժի, հիասթափված լինելով հնից, չվստահելով նորին: 52 տոկոսի համար, պարզվեց, ոչ մի նշանակություն չուներ՝ ընտրությունները հիմա՞ կլինեին, թե՞ գարնանը: Նիկոլ Փաշինյանին վստահության քվե տվեց (այն էլ իրենց ծովանկարիչ-ծաղրանկարիչ Մուկուչյանի թեթև ձեռամբ) երկրի 2,5 միլիոն ընտրողներից ընդամենը 800 հազարը, այսինքն՝ 34 տոկոսը: Այլ խոսքերով ասած՝ հեղափոխական իշխանությանն ընտրեց փոքրամասնության մեծամասնությո՞ւնը:

Արդյո՞ք սա իրական ժողովրդավարություն է, և արդյո՞ք գործող իշխանությունը բարոյական իրավունք ունի հանդես գալու ժողովրդի անունից: Մարդկանց ընդամենը 1/3-ի վստահությունը ունենալով՝ Փաշինյանը կարո՞ղ է համարվել համաժողովրդական առաջնորդ: 

Նա հաճախ է կրկնում, թե ղարաբաղյան խնդրի լուծումը պետք է որոշի ժողովուրդը: Այստեղ հարց է առաջանում` ո՞ր ժողովուրդը՝ այն, որ մնաց տանը, թե՞ այն, որը գնաց ընտրության: 

Ինչպես տեսնում ենք, գործող կառավարության անծրագիր, գաղափարազուրկ էությանը գումարվեցին նաև մի շարք հարցեր և լեգիտիմության խնդիրը: Եվ ես հրաժարվում եմ, պարզապես հրաժարվում եմ հավատալ, որ ընտրողները՝ այդ 800 հազար մարդիկ, ում Փաշինյանը անվանել էր ծույլ ու ձրիակեր, քվե տվեցին ատելության և հայհոյանքի իշխանությանը, դատարկաբանության և դեմագոգիայի իշխանությանը, սեխագլուխ այլմոլորակայինների նմանվող կադրերի իշխանությանը, որոնք սարսափելի հեռու են թե՛ գործադիր, թե՛ օրենսդիր աշխատանքից: 
Մի բան պարզ է՝ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի 34% վստահության քվեն ունի միայն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել