Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրները (Սաուդյան Արաբիա, Բահրեյն, Քաթար, Քուվեյթ, Օման, Միացյալ Արաբական Էմիրություններ) Էր-Ռիյադում կայացած նիստում որոշում են կայացրել մինչև 2025թ.-ը ձևավորել միասնական տնտեսական շուկա և ծոցի երկրների միասնական զինվորական հրամանատարություն:
Փաստորեն, Սաուդյան Արաբիան ցանկանում է Իրանի դեմ ձևավորել միասնական ճակատ` ծոցի արաբական երկրներից, ինչպես նաև այդ միապետությունների հետ միասին ստեղծել յուրօրինակ արաբական ՆԱՏՕ ու միասնական շուկա` իր դիրքերն Արաբական թերակղզում ամրապնդելու ու Իրանի, շիայական ազդեցության թուլացման համար: Այդ ռազմավարությունը բխում է նաև սաուդացիների դաշնակից ԱՄՆ-ի ու հատկապես Թրամփի վարչակազմի շահերից: Թրամփն ու իր վարչակազմի բազեները որդեգրել են խիստ հակաիրանական արտաքին քաղաքականություն:
Ծոցի երկրների տարածքում ԱՄՆ-ը տեղակայել է իր ռազմակայանները, ռազմական ենթակառուցվածքները, որոնք ուղղված են Իրանի դեմ և նպատակ ունեն սահմանափակելու Իրանի ազդեցությունը ծոցում և փորձում են վերահսկել Հորմուզի նեղուցը, որով անցնում է նավթի արտահանման կարևորագույն ուղիներից մեկը:
Պարսից ծոցում ԱՄՆ-ը կենտրոնացրել է բավականին հզոր ռազմական բռունցք: Այսպես՝ Քուվեյթում, որի հետ ԱՄՆ-ը 1991թ.-ից ունի համատեղ պաշտպանության պայմանագիր, տեղակայված է ամերիկյան 15.000-անոց զորախումբ և ռազմակայաններ:
Բահրեյնում, որի բնակչության մեծամասնությունը շիաներ են, իսկ իշխող վարչակարգը՝ սուննիներ, տեղակայված է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմը, Շեյխ-Իսա ռազմակայանում տեղակայված է 5.000 զինվորական:
Քաթարում տեղակայված է ԱՄՆ-ի կողմից շահագործվող Էլ-Ուդեյդ ռազմակայանը, որտեղ տեղակայվում են ամերիկյան կործանիչներ, այդ թվում՝ ԱՎԱՔՍ, որոնք ռադիոէլեկտրոնային հետախուզությամբ են զբաղվում ամբողջ ծոցի տարածաշրջանում: Քաթարում է գտնվում նաև 4.000 ամերիկացի զինվորական:
Ծոցի մեկ այլ երկրում՝ Արաբական Միացյալ Էմիրություններ է տեղակայված Էլ-Դաֆրա ռազմակայանը, Օմանում՝ Մասկատ, Մասիրա և այլ ռազմակայանները:
Տարածաշրջանի ամենահզոր երկրներից մեկում՝ ԱՄՆ-ի կարևորագույն դաշնակցի՝ Սաուդյան Արաբիայի տարածքում է գտնվում Պրինց-Սուլթան խոշոր ռազմակայանը, իսկ 2011թ.-ին այդ երկրի տարածքում ամերիկյան հետախուզության կողմից կառուցվել է գաղտնի ռազմակայան, որտեղ անօդաչուներ են տեղակայված: