1. Քաղաքական կուսակցությունների ու դաշինքների կողմից թմբկահարվող գաղափարն այն մասին, որ իրենք երկրորդ ուժն են լինելու, ճիշտ ընդդիմություն են լինելու, իմ կարծիքով՝ ճիշտ չէ և հակասում է քաղաքական պայքարի սովորական տրամաբանությանը։ Դա նույնն է, որ ռինգ դուրս եկած բռնցքամարտիկը հայտարարի մարտից առաջ, որ ինքը հաղթելու շանս չունի և պատվավոր պարտվող է։

2. Խորհրդարանի երեսուն տոկոսը безразмер չէ, անհնար է այն բաժանել մնացած տասը քաղաքական կուսակցությունների միջև, ուստի և ամբողջ քարոզարշավի կառուցումը նման գործելակերպով հասարակության մոտ խղճահարության զգացումներ է առաջացնում այսպես կոչված երկրորդ ուժի թեկնածու կուսակցությունների նկատմամբ։ Մտել եք մարտի դաշտ, համարձակորեն խոսեք հաղթանակի մասին։ Փոխեք հռետորաբանությունը հաղթանակի պաթոսով։

3. Մասնակից քաղաքական ուժերը կարող են ավելի մեծ հասարակական վստահություն ձեռք բերել, եթե կարողանան առաջնահերթ խնդիրների լուծման իրական դեղատոմսեր առաջարկել։ Այդ խնդիրներն են՝ անվտանգություն, Ղարաբաղի հարցի լուծման կոնկրետ ուղի, բանակի արդիականացման և պատերազմի կանխարգելման քայլեր, աղքատության կրճատման իրատեսական ծրագիր մեկ-երկու տարվա ժամանակահատվածում, ներդրումներ, արտաքին աշխարհի հետ հաղորդակցության նոր ուղիների ձեռք բերում, տնտեսության թռիչքաձև վերականգնման ուղիներ և ևս մի քանի կարևոր խնդիրներ։ Մարդկանց սա է հետաքրքրում և ոչ թե թեկնածուների ծննդյան թվերը, կրթությունը և բարոյախոսական ելույթները։

4. Անցանկալի ցածր մասնակցություն կարող է գրանցվել, որովհետև եթե հաղթողը պարզ է, պարտվողները՝ ևս, ընտրազանգվածը կորցնում է իր հետաքրքրությունը։ Ակտիվացմանը կնպաստեն ճոռոմաբանությունից մաքրված ու պարզ մարդկային լեզվով մատուցվող իրատեսական դեղատոմսերը։

5. «Իմ քայլը» դաշինքը նախորդ ամիսների ընթացքում արդեն կազմավորել է կառավարության իր թիմը։ Հասարակությանը նրանք արդեն հայտնի են։ Ընդունված կարգի համաձայն՝ կարիք կա նաև ներկայացնելու ընդդիմադիրների այլընտրանքային բարձրաստիճան պաշտոնյաների թեկնածուներին, չէ՞ որ մի քանի կուսակցական առաջնորդներով չէ, որ կազմվում է կառավարությունը։

6. Անհրաժեշտ է բոլոր խոստումներն ու ծրագրերն ամրապնդել դրանց իրականացման կոնկրետ ռեսուրսների նշումով, այլապես դրանց մասին խոսողները Սուտլիկ որսկանի տպավորություն են թողնում։

7. Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի պարզ մատնանշում, առանց կեղծ ու անորոշ ձևակերպումների, որ ընտրողը իմանա՝ որ ուղղությանն է իր ձայնը տալու։

Գարիկ Քեռյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել