Բաքուն և Իսլամաբադն ավարտին են հասցնում Ադրբեջանի կողմից պակիստանյան JF-17 կործանիչների գնման շուրջ բանակցությունները: Այդ մասին հայտարարել է Pakistan Aeronautical Complex (PAC) ներկայացուցիչը:
Նա նշել է, որ բանակցություններն ավարտական փուլում են ու կործանիչների առաքման բոլոր հարցերը կարգավորված են:
Պակիստանը, միջուկային տերություն հանդիսանալով, բավականին ազդեցիկ ուժ է իսլամական աշխարհում, ու Բաքուն փորձելու է օգտագործել այդ երկրի թե՛ տնտեսական ներուժը՝ ադրբեջանական տնտեսության մեջ ներդրումներ ներգավելու համար՝ նավթադոլարների կրճատման, ոչ նավթային հատվածի զարգացման ու Ադրբեջանը էներգետիկ-տրանսպորտային միջանցքի վերածելու տրամաբանության շրջանակներում, այնպես էլ կիրառելու է պակիստանյան ռազմա-տեխնիկական նորարարություններն ու ներուժը սեփական զինված ուժերի ամրապնդման համար:
Չմոռանանք, որ Իսլամաբադը ղարաբաղյան հարցում որդեգրել է վառ ադրբեջանամետ դիրքորոշում, դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել ՀՀ-ի հետ ու միջազգային տարբեր հարթակներում քվեարկում է Բաքվի օգտին: Տնտեսական համագործակցության առումով Ադրբեջանը ցանկանում է հավասարակշռել իր առևտրա-տնտեսական կապերը Թուրքիայի հետ`սուննի մեկ այլ պետության, միջուկային տերություն Պակիստանի հետ խորացնելով կապերը։
Ադրբեջանը կարող է առաջարկել իր նավթագազային հանքավայրերը պակիստանյան ընկերություններին, ինչպես նաև ռազմական արտադրանքի գնորդներից մեկը դառնալ Իսլամաբադի համար` Թուրքիային, ՌԴ-ին, Իսրայելին զուգահեռ։
Պակիստանյան գրեթե 200 միլիոնանոց շուկան էլ կարող է դառնալ ադրբեջանական ցանկացած արտադրանքի համար սպառման շուկա. անգամ փոքր խմբաքանակի ապրանքների վաճառքը կարող է էականորեն ազդել նավթի գների անկում, ԿԲ-ի պահուստների նվազում ու մանաթի արժեզրկում «տեսած» ադրբեջանական բյուջեի համալրման վրա։ Պակիստանը կարող է ադրբեջանական շուկա դուրս գալ Իրանի տարածքով. շուտով կյանքի է կոչվելու Ադրբեջան-Իրան երկաթգիծը, որը միանալու է Իրան-Պակիստան երկաթգծին։ Բացի այդ՝ Պակիստանը կարող է հետաքրքրված լինել նաև Տրանսկասպյան միջանցքով`Թուրքմենստանի, Ղազախստանի միջոցով Բաքվի նավահանգստով Կովկաս, Սևծովյան շուկաներ ու Թուրքիա դուրս գալու միտումով։