BlogNews.am-ն իր ընթերցողներին արդեն պատմել է Ֆիլիպինների մայրաքաղաքում կայացած «Միսս Երկիր» աշխարհի ամենահայտնի գեղեցկության մրցույթի մասին։ Հայաստանն արդեն երկրորդ անգամ էր մասնակցում հեղինակավոր մրցույթին։ Մեր երկիրն այս տարի ներկայացրեց 22-ամյա Սոնա Դանիելյանը։ Մրցույթն ավարտված է, ու օրերս մեր պատվիրակությունը վերադարձել է Հայաստան։ Մրցույթի ազգային տնօրեն Յանա Գրիգորյանը BlogNews.am-ի հետ զրույցում պատմել է ոչ միայն Սոնայի ունեցած հաջողությունների, այլև Ֆիլիպիններից ստացած տպավորությունների մասին։
«Միսս Երկիրը» նույնքան հայտնի գեղեցկության մրցույթ է, որքան «Միսս Տիեզերքը», «Միսս Աշխարհն» ու «Միսս Ինթերնեյշընլը»։ Այն անցկացվում էր ՄԱԿ-ի հովանու ներքո։ Այս տարի Մանիլա էին ժամանել աղջիկներ աշխարհի 90 երկրներից։ Մեր մասնակցին բախտն այս անգամ այնքան էլ չժպտաց, Սոնան մրցանակային տեղ չի զբաղեցրել. «Սոնան մեր տարածաշրջանից միակն էր, ով մասնակցում էր մրցույթին։ «Միսս Երկիր» մրցույթի կազմակերպիչները նկատել էին նրան դեռ «Միսս Ասիա 2018» մրցույթի ժամանակ, որտեղ նա վերջին 50 տարվա մեջ առաջին անգամ ներկայացնում էր Հայաստանը։ Այդ ժամանակ էլ նրան հրավիրեցին մասնակցելու «Միսս Երկիր» մրցույթին։ Այդ մրցույթին Սոնայից առաջ 2015 թվականին մասնակցել էր Լիլիթ Մարտիրոսյանը։ Սակայն աղջիկներին չի հաջողվել մրցանակային տեղեր զբաղեցնել ո՛չ այն ժամանակ, ոչ էլ հիմա»։

Յանան խոստովանում է, որ քիչ ժամանակ ունեին մրցույթին պատրաստվելու համար, ինչն էլ, թերևս, պատճառ դարձավ, որ մեր ներկայացուցիչը չկարողացավ մրցանակային տեղ զբաղեցնել: Ինչևէ, այդ փաստը Սոնային չի ընկճել, ու հիմա նրանք պատրաստվում են այլ մրցույթների. «Ես միայն վերջին օրերին կարողացա հասնել Ֆիլիպիններ, որպեսզի սատարեմ Սոնային, սակայն նրան կարողացա տեսնել ընդամենը 15 րոպե, ինչը փաստում է այն մասին, որ մրցույթում ամեն ինչ շատ խիստ և կանոնակարգված էր, գրաֆիկը՝ հագեցած: Չնայած շատ կարճ ժամանակին, այնուամենայնիվ, ես հասցրի փոքր-ինչ իմ խորհուրդներով կիսվել, փորձել այնպես անել, որ նա քիչ հուզվի, կարողանա զսպել էմոցիաները, քանի որ նմանատիպ մրցույթներում ժյուրին գնահատում է ամեն ինչ` արտաքինից մինչև բնավորություն»,- ասաց Յանան։
Ի դեպ, Յանան նախատեսում է «Միսս Երկիր» մրցույթի կազմակերպիչների հետ համագործակցել 2019 թվականին: Մրցույթում Հայաստանի հոանավորն է All.me-ն է՝ աշխարհում առաջին թվային ցանցը, որն իր ակտիվ օգտատերերին հնարավորություն է տալիս գումար աշխատել լավ կոնտենտի հաշվին:




Նյութը՝ Էմմա Վարդանյանի



