Թուրքիայի ԳՇ-ն և BMC ընկերությունն Անկարայում պայմանագիր են ստորագրել Altay նորագույն տանկերի արտադրության հետ կապված:
Altay-ը զգալիորեն կնվազեցնի Թուրքիայի կախվածությունն այլ երկրներից ռազմական տեխնիկայի ներկրումներից:
BMC ընկերությունն կարտադրի 250 տանկ: Ապագայում նախատեսվում է արտադրել 1000 այդպիսի տանկեր: Նախագիծը գնահատվում է 25-30 միլիարդ դոլար:
Մինչ այդ թուրք ինժեներները երկրի ԶՈւ-ի համար մշակել են L-UMTAS հրթիռը, որն ունի լազերային նշանառություն: Նշում են, որ շուտով նման հրթիռներով կզինվեն թուրքական արտադրության հարվածային ATAK ուղղաթիռները։ Նախագիծն իրականացվել է թուրքական Roketsan ընկերության կողմից, նոր հրթիռների փորձարկումները հաջող են եղել։
«Օդ-ցամաք» կամ «ցամաք-ցամաք» տեսակի L-UMTAS հրթիռը կարող է օգտագործվել 8 կմ շառավղի վրա գտնվող զրահատեխնիկան ոչնչացնելու համար։ Լազերային նշանառության շնորհիվ նոր հրթիռը հնարավոր կլինի օգտագործել գիշերային ժամերին։
Թուրքական մամուլը հայտնել է, որ Ադրբեջանն ATAK նոր ուղղաթիռների առաջին պատվիրատուներից է եղել։ Թուրքական TAİ ընկերությունն Ադրբեջանին է վաճառելու 60 Т-129 «АТАК» ուղղաթիռներ: Լեռնային Ղարաբաղում ապրիլյան մարտերից հետո Ադրբեջանը որոշել է ուժեղացնել իր ռազմա-օդային ուժերն ու Թուրքիայից գնել 60 ATAK ուղղաթիռ։
Ադրբեջանը, իսրայելական հակատանկային Spike համակարգից բացի, որը կիրառվել էր Ղարաբաղում Ապրիլյան քառօրյա ռազմական գործողությունների ընթացքում, ցանկանում է գնել նաև թուրքական հակատանկային համալիրներ (հակատանկային համակարգեր Բաքուն գնել էր նաև Մոսկվայից): Դա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը չի ցանկանում միակողմանի կախվածության մեջ գտնվել միայն մեկ երկրից՝ Իսրայելից (կամ ՌԴ-ից), որի հետ բավականին սերտ ռազմա-տեխնիկական կապեր կան, այդ թվում՝ հրթիռային, ՀՕՊ համակարգերի, անօդաչուների գնման հարցերում:
Անկարան կարող է իր ռազմա-տեխնիկական փորձով ու նորարարություններով կիսվել Ադրբեջանի հետ ու այդ նոր զենքերը կիրառել՝ փորձարկել ղարաբաղյան ճակատում: Հնարավոր է, որ այդ զենքերը կառավարելու են թուրքական զինված ուժերի սպաներն ու հատուկ պատրաստված մասնագետները: Թուրքիան զբաղված է նաև սեփական արտադրության Altay տանկերի և Anka ԱԹՍ-ների զինված ուժերին տրամադրելու գործընթացով։ Չի բացառվում, որ այդ տանկերն ու անօդաչուները մի օր հայտնվեն նաև Ադրբեջանում, և արդեն պարզ է, թե ում դեմ են դրանք կիրառվելու: