Իրականում Նիկոլի գնահատականը «ծույլ ու անբան ժողովրդին» նախկին իշխանությունների վարած «ապաքաղաքականությանը» քաղաքական գնահատական տալուց խուսափելու փորձ էր։ Էդ գործազուրկներն ու նպաստառուները մի օրում չեն «ծնվել»։ Երևույթը 25 տարի «իշխանությունների» կողմից վարած հակապետական գործունեության հետևանքն է։ Սա, ըստ էության, զոհին զոհ լինելու մեջ մեղադրելու մի փորձ էր։ Այո, իրավիճակ է փոխվել, այո՛, էլ առաջվանը չէ, այո՛, այդ մարդիկ գուցե հիմա ավելի «ազատ են», ավելի «բարենպաստ» պայմաններում են, բայց, ընկերներ ջան, էդ մարդիկ զոհ են, նախկինների վարած ապաշնորհ քաղաքականության զոհ։ Ու հիմա փոխանակ պետությունը, նրանց գոյությունն ու ստեղծված իրավիճակը հաշվի առնելով, լուծումներ առաջարկի էդ մարդկանց «ռեաբիլիտացնելու», «մունաթ» է գալիս, թե «արա, էս ինչ ծույլ ու անբան ժողովուրդ եք»։

Էդ մարդիկ զոհ են, բառիս բուն իմաստով։ Մի ամբողջ սերունդ զրկված է եղել կրթվելու (էսօրվա կրթությունը կրթություն չէ), աշխատելու, զարգանալու, ազնիվ ճանապարհով կարիերա անելու, նմանատիպ հազար իրավունքից ու հնարավորությունից։ Էդ աշխատուժը մի օրում չի դեգրադացվել ու չի կարող մի օրում ոչխար պահել ու սկսել լավ ապրել։ Էդ մարդկանց համար միջոցներ պիտի ձեռնարկվեն կյանք վերադառնալու, պայմաններ պիտի ստեղծվեն, աշխատելու, ստեղծելու համար ձեռնտու ու նպաստավոր պայմաններ։

Բայց էդ հնարավորությունները ստեղծելու փոխարեն պետությունն ի՞նչ է ասում։ Ասում է՝ մենք երեք հարյուր հիսուն հազար խելացիներով պարտավոր չենք ձեզ «պահենք», ձեր գլխի ճարը տեսեք` ով ոնց կարող է (եթե էդ երեք հարյուր հիսուն հազարի մեջ բյուջեից սնվող ու ավելացված արժեք չստեղծող պետական ծառայողների մի ստվար մասն էլ է մտնում, ապա՝ ավելի վատ):

Մեծ հաշվով, Հայաստանը Սահմանադրությամբ հռչակված է սոցիալական պետություն, ու բոլոր աշխատողներիս պարտքն է «չաշխատողների» համար ստեղծել կրթվելու, վերապրոֆիլավորվելու, ստեղծագործելու, ինքնադրսևորվելու հնարավորություն։ Յուրաքանչյուր քաղաքացին արժեք է, ու փոխանակ մենք «քլնգելու» էդ արժեքը, պարտավոր ենք նրան վերադարձնել կյանքի։ Ու դա պիտի արվի մանրակրկտորեն մշակված հստակ քաղաքականության միջոցով, ոչ թե «մունաթ-զունաթով»։

Գլոբալացման ու Հայաստանում տիրող ծայրահեղ բևեռացման պայմաններում իրեն սոցիալական հռչակած պետությունն իրավունք չունի հայտարարելու, որ «հավասար պայմաններ են ստեղծվել», ու խաչ քաշի իր քաղաքացիների 1/3-ի վրա։

Ազատ շուկայական պայմանները չեն ենթադրում «ուժեղների» առավել հզորացում ու աղքատների հասցեին «մունաթ»։

Այո, իրավիճակ է փոխվել, բայց «բարիկադներ քանդելն» ու ստեղծված «ազատ, մրցակացային» միջավայրն անհավասար մեկնարկային պայմաններում հայտնված հանրության համար չեն կարող դիտարկվել որպես արդար լուծում։ Անարդարության զգացումով ապրող հասարակությունը չի կարող առողջ լինել։

Եվ ուրեմն, որպեսզի կարճ ժամանակ նորից հետ չգնանք, արդարության վերականգնման գերխնդրի առաջ կանգնենք, հարկավոր է այսօր հստակ քաղաքական գնահատական տալ նախորդների արածներին և դնել արդարության, ազատության, համերաշխության հենքի վրա ստեղծվելիք հզոր Հայաստանի հիմքը։

Ամենայն հարգանքով`
Գարեգին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել