7or.am-ը գրում է.

Հայաստանն ու Ադրբեջանը երկու տարբեր աշխարհներում են ապրում:

Եթե հետևենք երկու երկրներում իրականացվող պաշտոնական ու ոչ պաշտոնական քարոզչական «կլիշեներին»,ապա կտեսնենք, որ գործ ունենք հակադիր երևույթների հետ:

Ադրբեջանում նվաճողականության քարոզ է, իսկ մեզանում՝ խաղաղասիրության: Ադրբեջանական հասարակությանը պատրաստում են պատերազմի, իսկ հայկական հասարակությանը՝ խաղաղության: Այնտեղ խոսում են գրավելուց, իսկ այստեղ՝ պաշտպանվելուց: Սա մեզ համար շատ վտանգավոր իրավիճակ է:

Ալիևն ու ադրբեջանական մամուլը խոսում են բացառապես այն մասին, որ հայերը պետք է հանձնեն տարածքները: Այդ քարոզչությունը ուժգնացավ 2011-ից՝ Ղարաբաղի հարցի շուրջ տեղի ունեցած Կազանյան բանակցային գործընթացից հետո և հատկապես այն պահից, երբ հայ-ադրբեջանական հարաբերություններում խախտվեց ռազմաքաղաքական բալանսը:

Իշխանափոխությունը և Ղարաբաղի հարցը

Հիմա Ալիևը նույն ոճով շարունակում է ագրեսիվ պահվածքը և վստահություն հայտնում, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը զիջումներ կանի տարածքների հարցում: Պաշտոնական Երևանի կողմից թեև այս ամենը հերքվում է, սակայն արձագանքը համարժեք չէ:

Փաշինյանն ասում է, որ Ղարաբաղի հարցը թաքուն չի որոշվելու և ժողովուրդը հրապարակում կորոշի, թե ինչպես վարվել: Նման միտք նա, մասնավորապես, հայտնել է իր գլխավորած կառավարության 100 օրն ամփոփող հանրահավաքում:

Ուշագրավն այն է, որ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո պաշտոնական Երևանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում դարձավ հակասական ու էկլեկտիկ (ծայրահեղ խաղաղասիրականից մինչև ծայրահեղ ռազմատենչ):

Մասնավորապես, Փաշինյանի շրջապատի հետ ասոցացվող մարդիկ այսպես կոչված խաղաղասիրության քարոզ են տանում: Տեղի են ունենում խորհրդանշական ակցիաներ կամ էպատաժային հայտարարություններ:

Ապրիլ-մայիսին տեղի ունեցած քաղաքական գործընթացներում ակտիվ դերակատարում ունեցած Լևոն Բարսեղյանի որդին հանդես եկավ ի պաշտպանություն ադրբեջանցու հետ ընկերություն անող հայտնի կապույտ մազերով Ասիայի ու հայտարարեց, որ կուզենար գնալ Ադրբեջան և ընդունել իր տանը ադրբեջանցի ընկերների: Նույն կոդի մեջ խոսեց նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիրներից հանդիսացող Լարա Ահարոնյանը, ով կապույտ մազերով աղջկա թեման զարգացրել էր և խոսել այն մասին, որ ինքը շատ լավ ադրբեջանցի ընկերներ ունի ու շատ սիրում է նրանց (Ահարոնյանի ֆեյսբուքյան գրառմանը կից տեղադրված էին հայկական ու ադրբեջանական անձնագրերը):

Քարոզչական ասիմետրիա. պատմությունը կրկնվո՞ւմ է

Քարոզչական այս ասիմետրիան, որ նկատվում է Ադրբեջանում ու Հայաստանում, մտահոգիչ է:

Խաղաղություն, բնականաբար, ուզում ենք բոլորս: Բայց խաղաղության հասնում են ոչ թե քարոզով, բարի ցանկություններով ու դրսի ուժերի վրա հույս դնելով, այլ ուժերի բալանսով:

Աշխարհի ոչ մի երկրում, այսպես կոչված, խաղաղության կուսակցությունը խաղաղության չի հասել: Եթե հասել էլ է, ապա կարճաժամկետում ու շատ ծանր գնով, ինչը հետագա պատերազմի ու ավերածությունների պատճառ է դարձել:

Օրինակ՝ 1938թ. Մյունհենյան դավադրության արդյունքում Հիտլերին զիջումներ արվեցին, ինչը սակայն բերեց ոչ թե խաղաղության, այլ 2-րդ համաշխարհային պատերազմի: Քաղաքական գործիչները սխալվեցին, քանզի չէին սերտել ռազմագիտության ու քաղաքագիտության գլխավոր կանոններից մեկը՝ «Եթե ուզում ես խաղաղություն, ապա պատրաստվիր պատերազմի»: Տեղին է հիշելը Չերչիլի ասածները այն մասին, որ իրենք Մյունհենում ուզում էին ստանալ խաղաղություն՝ նվաստացման գնով, բայց ստացան և՛ նվաստացում, և՛ պատերազմ:

Վերհիշելով մեկ դար առաջ մեզ հետ տեղի ունեցածը՝ ասենք, որ Կարսում էլ բոլշևիկները քարոզում էին, թե պետք չէ կռվել թուրքերի դեմ, քանզի բոլորս շուտով «կարմրելու» ենք, եղբայրներ դառնանք և խաղաղ ապրենք:

Արդյունքում՝ Կարսը հանձնվեց այն դեպքում, երբ մեր բանակը շատ ավելի լավ էր զինված, քան թուրքական բանակը և շատ ավելի լավ ռազմական դիրքեր ուներ, քան թուրքականը: Կարսն ընկավ ոչ թե զենքից, այլ խոսքից: Ներսից ցեցի պես քաղաքը քայքայող խոսքից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել