Վերջին մի քանի շաբաթների ընթացքում նոր սրացումներ են արձանագրվել պաղեստինա-իսրայելական սահմանի Գազայի հատվածում. վստահաբար, պաղեստինյան կողմից Իսրայելի տարածքի հրթիռակոծությունն այն աստիճանի է ակտիվացել, որ իսրայելական հասարակական-քաղաքական շրջանակներում ակտիվորեն քննարկվում է հատուկ ցամաքային գործողություն իրականացնելու հարցը (վերջին նման գործողությունը 2014թ. նախաձեռնված «Անխորտակելի ժայռ» օպերացիան էր): Խնդիրը պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի կողմից բարձրացվել է նաև կառավարության նիստի ընթացքում, ինչին ընթացք տալուց կտրականապես հրաժարվել է վարչապետ Բենյամին Նեթանյահուն և նրա գլխավորած թիմը՝ պատճառաբանելով, որ քայլեր են իրականացվում հատկապես Եգիպտոսի միջնորդությամբ քաղաքական պայմանավորվածության հասնելու ուղղությամբ: 

Հարկ է նշել, որ նշված ժամանակահատվածում տարածքային խնդիրներ էին առաջացել նաև Իսրայելի և Հորդանանի միջև, և Իսրայելի վարչապետի վարքագիծը կրկին բավականին չափավոր էր, որը, ընդհանուր առմամբ, բնորոշ չէ Նեթանյահուի բնույթին և գործելաոճին: 

Վերը նշված իրողությունները, ամենայն հավանականությամբ, պետք է հիմնավորել ամերիկա-իսրայելական պայմանավորվածությունների հանգամանքով՝ հավելյալ չսրելու իրավիճակը տարածաշրջանում նոյեմբերի սկզբին Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների երկրորդ փուլի ուժի մեջ մտնելուն ընդառաջ, ասել է, թե՝ կարելի է կանխատեսել, որ դաշնակիցների և նրանց հետ գործող մյուս դերակատարների համատեղ ջանքերը միավորվելու են Թեհրանի դեմ: Ի դեպ, նման տրամաբանության օգտին է խոսում նաև մեկ այլ հանգամանք. վերջին շրջանում Գազայի հատվածում իրավիճակը սրվում է առավելապես պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորման կողմից, որի գլխավոր արտաքին հովանավորը հենց Իրանն է: Ի դեպ, Իրանի տարաբնույթ մանևրներն ակտիվացել են նաև Սիրիայում և լիբանանյան «Հիզբալլահի» հետ համագործակցության շրջանակներում:

Նկարագրված իրավիճակը թույլ է տալիս կանխատեսելու, որ Մերձավոր Արևելքում ակնկալվող բավական հետաքրքիր, նաև վտանգավոր ու անկանխատեսելի հետևանքներով հակամարտային զարգացումներին հնարավորինս նախապատրաստվում են դրա բոլոր կողմերը՝ այս փուլում «բազուկներ ցուցադրելու» մարտավարությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել