Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 24-ին Ժնևում հանդիպել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) գլխավոր քարտուղար Մուքիսա Քիթուիի հետ:
Հանրապետության նախագահը կարևորել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի օժանդակությունը մեր երկրի տնտեսությանը։
Նշելով, որ տնտեսության տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, կրթություն, գյուղատնտեսություն, Հայաստանն ունի մեծ ներուժ և հավակնոտ ծրագրեր, նախագահ Սարգսյանն ասել է, որ մեր երկիրն ակնկալում է միջազգային ֆինանսական ինստիտուտների ակտիվ մասնակցությունը տարբեր ծրագրերի իրականացմանը։
ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի գլխավոր քարտուղարն իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի աճող ներգրավվածությունը տարբեր ծրագրերում:
Հանդիպման ժամանակ զրուցակիցները քննարկել են Հայաստանի ներդրումային քաղաքականությանը, արտաքին պարտքի կառավարմանը և համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: