Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԳՇ պետ Նաջմեդդին Սադիկովը հոկտեմբերի 23-ին մեկնել է Իսրայել: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նա հանդիպումներ կունենա իր պաշտոնակցի՝ Իսրայելի պաշտպանության նախարարի հետ, կայցելի ռազմաարդյունաբերական համակարգի մի շարք ընկերություններ:
Անցած սեպտեմբերին Ադրբեջան էր այցելել Իսրայելի պաշտպանության նախարար Լիբերմանը: Ռուսաստանից հետո Իսրայելն Ադրբեջանին սպառազինությունների երկրորդ մատակարարն է:
Իսրայելը շարունակում է մնալ Ադրբեջանի ռազմավարական, ռազմա-տեխնիկական կարևորագույն գործընկեր։ Չնայած Իրանի բացասական արձագանքներին` ադրբեջանա-իսրայելական ռազմա-քաղաքական, տնտեսական դաշինքը շարունակում է ամրապնդվել։
Բաքուն ղարաբաղյան հարցը ցանկանում է լուծել ռազմական ճանապարհով։ Այդ ուղղությամբ իր նպատակներին հասնելու համար Ադրբեջանը կհամագործակցի ցանկացած երկրի հետ` Իսրայել, Պակիստան, Ուկրաինա` անտեսելով Թեհրանի, Մոսկվայի կամ այլ կենտրոնի «մեսիջներն» ու նախազգուշացումները։
Մի քանի տարի առաջ Wikileaks-ի հրապարակած ամերիկացի դիվանագետների գաղտնի զեկուցագրերից մեկում նշվում էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, բնութագրելով Իսրայելի հետ Ադրբեջանի հարաբերությունները, նշել էր, որ այդ հարաբերություններն այսբերգի են նման, որի 9/10-րդ մասը տեսանելի չէ օտարների աչքերին: Այսինքն` այդ հարաբերություններն ավելի խորն են, քան կարելի է դատել բաց տեղեկատվական աղբյուրներում հայտնվող ինֆորմացիայից:
Պետք է նշել, որ երկկողմ հարաբերությունների զարգացմանը դրականորեն նպաստում են Ադրբեջանի հրեական համայնքը և կառույցները, ինչպես նաև Իսրայելում գործող ադրբեջանական նմանատիպ կառույցները:
Այսպես՝ Ադրբեջանում գործում են հրեական բազմաթիվ կազմակերպություններ, դպրոցներ, սինագոգներ, կրթական-մշակութային միություններ, որոնց թվում՝ «Սոխնութ» գործակալությունը, բարեգործական «Հեսեդ-Հերշոն» կազմակերպությունը, հասարակական-մշակութային JCC կենտրոնը, երիտասարդական «Գիշել» ակումբը, բացի այդ՝ Բաքվում լույս են տեսնում «Մեր Իսրայել», «Օր-Շելյանու» թերթերը:
Երկրների հարաբերություններում համագործակցության կարևոր ոլորտն էներգետիկ փոխգործակցությունն է: Իսրայելի կարիքների համար ներմուծվող էներգակիրների 45%-ն ունի ադրբեջանական ծագում: