Armenpress.am-ը գրում է.

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ բոլոր ուժերը կդրսևորեն անհրաժեշտ խոհեմություն և իմաստություն, կներդնեն ջանքերը, որպեսզի վարչապետի հրաժարականից հետո երկու շաբաթներն առավելագույնս անցնցում անցնեն: Նա այս մասին նշեց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Ցանկացած պարագայում գործադիրը պատրաստ է  տարբեր զարգացումների: Եվ դատելով ընդհանուր հանրային տրամադրություններից, կարծես թե ժողովուրդն էլ է պատրաստ տարբեր զարգացումների»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Արարատ Միրզոյանը:

Արարատ Միրզոյանը մեկնաբանել է այն դիտարկումները, ըստ որոնց, Ազգային ժողովում վարչապետի ընտրության առնվազն առաջին փուլում կառաջադրվի Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը՝ չընտրվելու տարբերակով:

«Այդ հարցերի հետ կապված երկու մեկնաբանություն կա: Եթե քվեարկության արդյունքում չի ընտրվում վարչապետ, ապա քվեարկությունից յոթ օր հետո երկրորդ շրջափուլն է սկսվում: Իրավաբանների մի մասը պնդում է, որ  պետք է առաջնորդվել ՀՀ Սահմանադրության տրամաբանությամբ, իսկ այստեղ տրամաբանությունը հուշում է, որ որևէ ձևով ընտրություն չի լինում: Իրավաբանների մյուս խումբը պնդում է, որ այնուամենայնիվ, պետք է տառացի մեկնաբանությամբ առաջնորդվել, որը նշանակում է, որ պետք է լինի վարչապետի թեկնածու,  որը չի ընտրվի: Եթե սա է ճիշտ տարբերակը, կարծում եմ՝ կլինի Նիկոլ Փաշինյանը վարչապետի թեկնածու, որին դեմ կքվեարկեն»,-հավելեց Արարատ Միրզոյանը:

Ներկայումս ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին ուղիղ եթերով հանդես եկավ ժողովրդին ուղղված ուղերձով, որի ժամանակ հայտնեց իր հրաժարականի մասին: Նրա խոսքով՝ հրաժարականի նպատակն էր ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն ավարտին հասցնելը՝  արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու եւ ողջ իշխանությունը ժողովրդին վերադարձնելու միջոցով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել