Ինչքան հասկանում եմ, կարմիր գծերի նպատակը կայանատեղիների խնդրի կարգավորմանն է ուղղված, ոչ թե բյուջեի կարգավորմանը: Եթե կենտրոնում ինչ-որ տրամաբանություն կա դրա մեջ, ապա կենտրոնից դուրս այն ոչ միայն խնդիրը չի լուծում, այլև նոր խնդիրներ է առաջացնում, չնայած ոնց որ թե կենտրոնում էլ խնդիրը չի լուծում:
Հիմա՝ կարմիր գծերի առաջացրած խնդիրներից երկուսի մասին:
1. Օրինակ՝ մեր փողոցը՝ Սեբաստիա փողոցը, միշտ 70-80 տոկոսով ազատ է կայանման համար: Փոխարենը մարդիկ, հատկապես տարածքի բնակիչները, տուգանքներից խուսափելու համար մեքենաները կայանում են բակերում: Արդյունքում ունենք դատարկ փողոցներ և լիքը բակեր, ինչը խնդիր է բակերում տեղաշարժվելու առումով, մանավանդ երեկոյան, երբ երեխաները բակերում տարբեր խաղեր են խաղում, և ակամայից մեքենաները վնասում են:
2. Շրջաններից ոչ հաճախ Երևան եկողների համար կարմիր գծերը ևս անհարմարություն են հանդիսանում, մանավանդ երբ մարդիկ կենտրոն չեն գալիս, այլ Երևանի ոչ կենտրոնական հատվածներ, որտեղ լիքը կայանման տեղ կա, բայց անիմաստ վճարում են կամ տուգանվում:
Այսպիսով՝ կարմիր գծերը ոչ միայն ծառայություն չեն մատուցում, այլև խնդիրներ են առաջացնում: Իսկ կենտրոնում կամ շատ քանակի մեքենաներով առկա վայրերում կարելի է կիրառել նախկին պրակտիկան՝ ուղղակի ավելի լավացնելով ու ճիշտ համակարգելով: Նախկինում նման վայրերում կային այսպես կոչված «պարկովշիկներ» (հայերենով երևի կլինի կայանավարներ): Սա ոչ միայն այդ մարդկանց համար աշխատանք էր, այլև նրանք ծառայություն էին մատուցում, այսինքն՝ նախ՝ օգնում էին մեքենան ճիշտ և անվտանգ կայանելու հարցում, երկրորդ՝ հսկում էին, որ մեքենայից բան չպակասի, կամ չվնասվի: Կարելի է դա կազմակերպել համակարգված ձևով, և այդ կայանավարները հանդիսանան քաղաքապետարանի աշխատակից, ինչպես, օրինակ, կանաչապատման աշխատակիցները:
Իմ ընկեր ավագանիներին խնդրում եմ կարմիր գծերի հարցը քննարկելիս այս դիտարկումները ևս ներկայացնել ավագանու ողջ կազմին և քաղաքապետին: