Օրերս Հյուսիսային Կովկասի երկու հարևան ռուսաստանյան շրջաններ Ինգուշիան ու Չեչնիան պայմանագիր են ստորագրել, որով կողմերը պայմանավորվել են տարածքների փոխանակման մասին․ Ինգուշիան ու Չեչնիան իրար են փոխանցում մոտավոր 17 հազարական հեկտար հող։ 

Որոշման դեմ Ինգուշիայում ցույցեր են սկսվել։ Ցուցարարները պահանջում են այդ համաձայնագրի չեղարկում և խնդրո առարկա հարցի վերաբերյալ հանրաքվեի անցկացում, ինչպես նաև Ինգուշիայի ղեկավար Յունուս-բեկ Եվկուրովի հրաժարականը։

Հոկտեմբերի 10-ին Ինգուշիայի խորհրդարանը պետք է քվեարկություն անցկացներ տարածքների փոխանակման մասին որոշման չեղարկման հարցի շուրջ, սակայն չի կարողացել քվորում ապահովել։ Ինգուշիայի Սահմանադրական դատարանը վճռել է, որ հարցը պետք է հանրաքվեի միջոցով լուծվի, բայց կարելի է ենթադրել, որ հանրաքվեի անցկացումը չի բխում Մոսկվայի շահերից, քանի որ Ռուսաստանում հանրաքվեներ չեն անցկացվել ավելի քան 20 տարի, և ռուսական իշխանությունները խուսափում են ժողովրդի ուղղակի կամարտահայտման նախադեպ ունենալուց:

Չեչնիայի և Ինգուշիայի միջև վարչական սահմանի խնդիրն առաջացել է 1991թ., երբ Խորհրդային Միության հետ մեկտեղ լուծարվեց նաև Չեչեն-Ինգուշական Ինքնավար Հանրապետությունը։ Այն ժամանակ սահմանն ամրապնդվեց Չեչնիայի և Ինգուշիայի ղեկավարների միջև բանավոր պայմանավորվածություններով: Ստացվում է, որ ոչ մի պաշտոնական որոշում այս տարիների ընթացքում չի ընդունվել։ Սակայն Ինգուշիայի համար տարածքների հարցն առանձնապես ցավոտ և պատմության խորքն է գնում հարևան Հյուսիսային Օսիայի հետ տարածքային այլ վեճի պատճառով։ Ինգուշական տարածքի մի մասը՝ Պրիգորոդնի շրջանն Ինգուշիայից Հյուսիսային Օսիային է փոխանցվել 1944թ․-ին վայնախ ժողովրդի ստալինյան արտաքսման ժամանակ։
Այս փուլում տարածքների փոխանակման մասին պայմանագիրը դժգոհության ալիք է բարձրացրել ինգուշական հասարակությունում նաև այն պատճառով, որ սկզբունքային որոշումն ընդունվել է առանց համաժողովրդական քննարկման։ Առավել քան ակնհայտ է, որ Ինգուշիայում ցույցը ճնշելը հղի է վատ հետևանքներով։ Դրան չեն գնա ո՛չ տեղական իշխանությունները, ո՛չ Մոսկվան։ Ինքն իրեն ցույցը չի ավարտվի։ Ռամզան Կադիրովը՝ Չեչնիայի ղեկավարը, որը սահմանի մասին պայմանագրի նախաձեռնողն է, պասիվ սպասողական է դիրքավորվել։ Խնդրի լուծման առավել խելամիտ ճանապարհը, իհարկե, հանրաքվեի անցկացումն է, սակայն այն իրատեսական չէ։ Այս իրադարձություններիի զարգացումները գտնվում են հյուսիսկովկասյան մյուս հանրապետությունների (Կաբարդա-Բալկարիա, Կարաչաևո-Չերկեսիա, Հյուսիսային Օսիա) ուշադրության կենտրոնում, որտեղ ևս տեղական կոնֆլիկտ-կետեր կան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել