Երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախաձեռնել է խորհրդակցությունների շարք Ազգային ժողովի խմբակցությունների հետ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, այսօր Հանրապետության նախագահը հանդիպել է ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ:
Նախագահ Սարգսյանը ողջունել է վերջին օրերին քաղաքական ուժերի որդեգրած բանակցային ուղին և կարևորել հանդուրժողականության ու համերաշխության մթնոլորտը երկրում: Նա ևս մեկ անգամ շեշտել է, որ առկա խնդիրները հնարավոր է և պետք է լուծել երկխոսության ճանապարհով, Սահմանադրության և օրենքների շրջանակում՝ առաջնորդվելով պետական ու ազգային շահերով:
Վահրամ Բաղդասարյանը վերահաստատել է ՀՀԿ խմբակցության այն հայտարարությունը, որ չընդունելով հանդերձ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ փաստարկները՝ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցությունը մտադրություն չուներ և չունի վարչապետի թեկնածու առաջադրել:
Միաժամանակ նա նշել է, որ քաղաքական ուժերը պետք է պատշաճ ժամանակ ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել